Փաստաբանը պնդում է, որ դիպլոմը կեղծ չի եղել

Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է  Շուշան Հովհաննիսյանի կողմից կեղծ դիպլոմի ձեռքբերման գործը։

Շուշան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ազգականի միջոցով  Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի դասախոս Ռաֆիկ Մխիթարյանից 600.000 դրամի դիմաց ձեռք է բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կեղծ դիպլոմ։ Իսկ 2015 թվականին այդ դիպլոմը վերահաստատման նպատակով  ներկայացրել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:

Հերթական դատական նիստը հետաձգվեց՝  Շուշան  Հովհաննիսյանի պաշտպան, փաստաբան Արա Զաքարյանի դատարան չներկայացնալու պատճառով։ Հայտարարվեց, որ փաստաբանը մասնակցում է դասընթացների։

Մեղադրող դատախազ Արամ Արամյանը նշեց․ «Քանի որ պաշտպանն արդեն երկրորդ անգամն է, որ չի ներկայանում դատական  նիստին, այդ իսկ պատճառով միայն ցանկանում եմ մի փոքր առարկություն անել, որ, եթե հաջորդ դատական նիստին նույնպես պաշտպանը չներկայանա, ապա ամբաստանյալը, գուցե, փոխի նրան մեկ այլ պաշտպանով»,-ասաց դատախազը:

Իրավաբան.net-ը գործի վերաբերյալ զրուցեց պաշտպան՝ Արա Զաքարյանի հետ:
Մեր այն դիտարկմանը, թե հաջորդ դատական նիստին չներկայանալու դեպքում առաջարկվել է պաշտպանին փոխել, Արա Զաքարյանը պատասխանեց, որ օրենքով թույլատրելի է չներկայանալ նիստին, եթե կա հիմնավորում։

Անդրադառնալով գործին, պաշտպանն ասաց, որ կեղծ դիպլոմ ձեռք բերելու և այն հաստատելու մեղադրանքը համարում է անհեթեթ, քանի որ Շուշանի ձեռքում գտնված դիպլոմն ամենևին էլ կեղծ չէ: Պաշտպանը հստակ շեշտեց, որ կեղծ փաստաթղթի գործածման համար ինչ-որ գործողություններ պետք է ձեռնարկվի:

Նա ասաց նաև, որ դատավարության ամբողջ ընթացքն ընթացել է կոպիտ խախտումներով. «Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածում հստակ նշվում է, թե որ գործերը որ մարմինը պետք է քննի: Ի սկզբանե հավաքած ամբողջ նյութերը գտնվել են Ազգային անվտանգության ծառայության ձեռքում և քննվել են իրենց քննչական մարմնի կողմից: Մինչդեռ, եթե կային ենթադրյալ փաստեր, ապա Ազգային անվտանգության ծառայությունն այն պետք է փոխանցեր Քննչական կոմիտեին»։

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ այդ դիպլոմը դիտարկվել է որպես կեղծ փաստաթուղթ, Արա Զաքարյանը պատասխանեց, որ Շուշան Հովհաննիսյանը դիպլոմը վերցրել է դեռևս  2008 թվականին: 2015 թվականին ցանկացել է դիպլոմը վերահաստատել, քանի որ ուներ հեռահար նպատակներ արտասահման մեկնելու և մտածել է, որ հնարավոր է այնտեղ այն պետք լինի:

Պաշտպանի խոսքով, Շուշանը մասնակցել է հաշվապահական դասընթացների և հիմա էլ աշխատում է որպես հաշվապահ, ինչպես նաև շեշտեց, որ, եթե ինչ-որ խնդիր լիներ, ապա այն վաղուց ի հայտ կգար: Ասաց նաև, որ համալսարանի անվանումը փոխվել է Շուշանի դիպլոմը ստանալուց հետո և դա է պատճառը, որ դիպլոմը համարում են կեղծ, քանի որ դիպլոմում համալսարանն այլ անվանում ունի, իսկ ներկայում՝ այլ:

«Այն, որ ամբողջ դատավարությունն անցել է կոպիտ խախտումներով, նկատելի է, սակայն հույս ունեմ, որ դատարանը կպահպանի օրենքի տառը»,- մեզ հետ զրույցում ասաց պաշտպանը:

Նշենք, որ գործը քննվում է դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ։

Սերգեյ Հակոբյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել