Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը դատարանում 42 հայց ունի այն ուսանողների դեմ, որոնք ընդգրկված են եղել նպատակային ուսուցման համակարգում, սակայն խախտել են համալսարանի հետ կնքված պայմանագիրը: Իրավաբան.net-ի հետ զրույցում համալսարանի շահերի ներկայացնող փաստաբան Արմեն Ֆերոյանը նշեց, որ ուսանողները պայմանագրով ունեն պարտավություն, այդ պատճառով էլ համալսարանը դիմում է դատարան, որպեսզի գումարները բռնագանձվեն և փոխանցվեն պետական բյուջե:
Կառավարության որոշումով ՝ ուսանողի հետ կնքվում է պայմանագիր, համաձայն որի, ուսանողը անվճար ուսանում է համալսարանում, այնուհետև պիտի աշխատի սահմանամերձ դպրոցում՝ 3 տարի ժամկետով: Իսկ եթե ուսանողը խախտում է պայմանագիրը և չի գնում աշխատելու, ապա պարտավորվում է համալսարանին վճարել 4 տարվա ուսումնավարձը:
«Դեպքերը շատ են, որ հենց ուսանողը չի գնացել դպրոց աշխատելու, սակայն կան նաև դեպքեր, երբ դպրոցը չի ընդունել աշխատանքի»,-նշեց փաստաբանը:
Նշված 42 գործի շրջանակներում բռնագանձվելիք գումարի չափը մոտավորապես 50 միլիոն դրամ է: