Աբգարյանների տան դիմացի 21 տարվա ընկուզենին թափ տվեցին. Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է: Քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի տանկիստ Տիգրանը հոկտեմբերի 14-ին կդառնար 21 տարեկան:
Ընկուզենին տնկվել է ճիշտ 21 տարի առաջ, նրա ծննդյան կապակցությամբ, երբ Տիգրանը հարցրել է, թե ե՞րբ են հավաքելու ընկույզները, նրա պապն ասել է՝ ծննդյանդ օրը: Դրանից հետո ամեն տարի հենց իր ծննդյալ օրը Տիգրանն ու իր ընկերները թափ էին տալիս հսկայի ճյուղերը: Այս մասին պատմում է հերոսի ավագ եղբայրը՝ Ժորա Աբգարյանը:
Տանկիստի ընկերները, հարազատները, Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների մայրերը, ծանոթ ու անծանոթ մարդիկ եկել էին Գյումրի՝ շնորհավորելու հերոսի ծննդյան օրը:
Նրան նվիրված հուշ-ցերեկույթն ամբողջությամբ նրա եղբայրն էր կազմակերպել: Հյուրերի մեջ էր նաև Տիգրանի անունը կրող 1-ամյա փոքրիկը, ով ծնվել է 2016թ-ի ապրիլի 10-ին՝ Գյումրու ծննդատանը: Ծնողները չեն ճանաչել Տիգրանին, բայց իմանալով նրա սխրագործության մասին՝ իրենց որդուն անվանակոչել են հերոս տանկիստի անունով:
Նշենք, որ 2016 թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ տանկիստ Տիգրան Աբգարյանը Բենիամին Եղոյանի ու Վլադիմիր Ալիխանյանի հետ միասին ոչնչացրել են թշնամու 3 տանկերը ու հենց տանկում էլ զոհվել հակառակորդի արձակած ֆագոտի հարվածից:
Տիգրան Աբգարյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով:
Ալիսա Չիլինգարյան