Հետազոտվեցին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով տեսանյութերը, հեռախոսազանգերի վերծանումները

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում    շարունակվեց  նույն դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի՝ կաշառքի գործով դատական նիստը։

Այսօրվա նիստին ուսումնասիրվեցին ամբաստանյալներ Էլզա Զաքարյանի, Իշխան Բարսեղյանի և այս գործով առանցքային վկա Նորիկ Հակոբյանի հեռախոսազանգերի վերծանումները։

Մինչ այս Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը միջնորդություն ներկայացրեց՝ հետաձգել հեռախոսազանգերի վերծանումների հետազոտումը, քանի որ տեխնիկական խնդրի նախապես չեն կարողացել ուսումնասիրել։ Դատարանը մերժեց միջնորդությունը։

Դատարանում հետազոտվեցին նաև տեսանյութեր, որոնցում երևում են, թե դատավոր Իշխան Բարսեղյանի աշխատասենյակ որ ժամերին ովքեր են մտնում, դուրս գալիս։

Պաշտպանական կողմը հայտարարություն արեց, որ այս տեսանյութերից հնարավոր չէ հստակեցնել, թե իրականում ում աշխատասենյակի դռան մոտի ելումուտն է նկարահանված։

Այնուհետև Իշխան Բարսեղյանի պաշտպաններից Արա Ղազարյանը մեկ այլ հայտարարություն արեց՝ նշելով, որ այս տեսանյութերի հրապարակումը անձնական տվյալների գաղտնիության իրավունքի խախտում է։

Մեղադրողն ի պատասխան հայտարարեց, որ տեսանկարահանումներն իրականացվել են հանրային վայրում և չեն կարող այդ իրավունքի խախտում դիտարկվել։

Նշենք, որ այս դատական նիստերն անցկացվում են ապակեպատ դահլիճում և անհնար է դառնում դատավարության ամբողջ ընթացքին հետևելն ու հասկանալը, թե ինչ է իրականում կատարվում․ նիստին հետևողների հատվածում ձայնի փոխարեն աղմուկ է լսվում և դժվարությամբ հնարավոր է դառնում որոշակի բառեր-արտահայտություններ որսալ։

Հիշեցնենք,որ ԱԱԾի կողմից օպերատիվ օպերատիվհետախուզական միջոցառման արդյունքում Հատուկ քննչական ծառայությունը հարուցել էր քրեական գործ, որի շրջանակներում դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվելով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով: Համաձայն մեղադրական եզրակացությանԻշխան Բարսեղյանը 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Այնուհետև քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փաստաբան Էլզա Զաքարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը:  Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով` կատարել է կաշառքի միջնորդություն

Լիանա Մարտիրոսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել