Ճիշտ կառավարումը հակակոռուպցիոն պայքարում հաջողության հասնելու կարևորագույն սկզբունքներից մեկն է. այն կիրառելու լավագույն օրինակներից մեկը Սինգապուրին է. 1960-ականներին այն ուներ վատ տնտեսություն, բնապահպանական մի շարք խնդիրներ, սակայն լավ կառավարման արդյունքում այսօր աշխարհի ամենազարգացած տնտեսություններից մեկն ունի, տեղի պետծառայողները ստանում են աշխարհում ամենաբարձր աշխատավարձերը, լուծել են բնապահպանական և այլ խնդիրներ:
Այսօր հակակոռուպցիոն և բարեխղճության թեմաներով վերապատրասման դասընթացներ անցկացվեցին Երևանում աշխատող համայնքային և քաղաքացիական ծառայողների խմբերի հետ:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ Մարատ Ատովմյանը միջազգային փորձի օրինակներով նրանց ներկայացրեց, թե ինչպես կարող է բարեխիղճ աշխատանքը դրական արդյունքներ ունենալ:
Դասընթացները անցկացվեցին Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան Գործողությունների ծրագրի շրջանակներում: ՀՀ կառավարությունը և Իրավաբանների հայկական ասոցիացիան Երևանում, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրականացնելու են շուրջ 200 հանրային ծառայողների բարեխղճության և հակակոռուպցիոն թեմաներով վերապատրաստումներ:
Նշենք, որ կառավարության հետ համագործակցության արդյունքում վերջին տարվա ընթացքում լուրջ քայլեր են կատարվել հակակոռուպցիոն պայքարի ոլորտում: Մասնավորապես, Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից նախորդ տարվա գարնանը կառավարությանը ներկայացվեց հակակոռուպցիոն պայքարի ոլորտում հաջողության հասնելու ճանապարհային քարտեզ, որը բաղկացած էր վեց կետից:
Ներկայացվեցին մշակված իրավական փաստաթղթերի նախագծեր և համատեղ աշխատանքների արդյունքում քրեականացվեց ապօրինի հարստացումը, ներդրվեց կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ ազդարարների ինստիտուտը, մասնակիորեն իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը, ստեղծվեց հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմինը: