Գլխավոր դատախազին փոխարինելու առեղծվածը. ինչո՞ւ գլխավոր դատախազի երկու տեղակալներ հաջորդաբար ստանձնեցին նրա պարտականությունների ժամանակավոր կատարումը

Օգոստոսի 4-ին անսպասելի կերպով հրաժարական տվեց ՀՀ գլխավոր դատախազը:  ՀՀ դատախազության կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր.

«Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է և ինքը 04.08.2016թ.-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները»:

Նշենք, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածը սահմանում է Գլխավոր դատախազի լիազորությունների դադարեցումը, ըստ որի 1-ին մասի 2-րդ կետի Գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ` պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրապետության Նախագահին: Փաստացի ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը տրվել և նրա լիազորությունները դադարել են օրենքով սահմանված կարգով:

Վերոհիշյալ հաղորդագրությունը հրապարակվելուց հետո Իրավաբան.net-ը հարցում կատարեց ՀՀ դատախազություն պարզելու համար, թե ով է կատարելու ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունները, որին ի պատասխան ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից ստացավ պաշտոնական գրություն, որում ասվում էր հետևյալը.

«Ի պատասխան Ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանի վրա»:

Անդրադառնալով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածին, պետք է նշենք, որ այն սահմանում է Գլխավոր դատախազի տեղակալի լիազորություները, որի 1-ին մասի 4-րդ կետը սահմանում է.

«գլխավոր դատախազի ժամանակավոր բացակայության դեպքում նրա հրամանով փոխարինում է գլխավոր դատախազին: Նման հրամանի անհնարինության դեպքում գլխավոր դատախազին ժամանակավորապես փոխարինում է գլխավոր դատախազի` տարիքով ավագ տեղակալը»:

ՀՀ դատախազության պաշտոնական գրությունից եզրակացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանի վրա, իսկ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն պարտականությունների կատարումը ժամանակավորապես կարող էր միայն դրվել ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` նրա ժամանակավոր բացակայության դեպքում: Իսկ այս պարագայում Գլխավոր դատախազը ոչ թե ժամանակավորապես բացակայել է, այլ հրաժարական է տվել, ուստի ՀՀ դատախազությունը փաստացի չի ունեցել Գլխավոր դատախազ, որը կարող էր համապատասխան հրաման ստորագրել և իր պարտականությունները կատարման պարտականությունը ժամանակավորապես դրվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանի վրա: Այս ամենը փաստում է, որ ՀՀ դատախազությունը փաստացի չի տիրապետել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներին, թույլ է տվել համապատասխան սխալ և թյուրիմացության մեջ գցել հանրությանը:

Որոշակի ժամանակ անց ՀՀ դատախազությունը «Շտապ» հղումով հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր հետևյալը.

«Հիմք ընդունելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հրանտի Հարությունյանը»:

Ցավալի է, որ այս հաղորդագրության մեջ որև է կերպ անդրադարձ չէր կատարվել ՀՀ դատախազության կողմից Իրավաբան.net-ին տրամադրված պաշտոնական գրության մասին:

Փաստացի ՀՀ դատախազությունը ուղղեց իր կողմից թույլ տրված կոպիտ սխալը, փոխեց իր որոշումը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանի մասով` առաջնորդվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի վերջին հատվածով.

«…Նման հրամանի անհնարինության դեպքում գլխավոր դատախազին ժամանակավորապես փոխարինում է գլխավոր դատախազի` տարիքով ավագ տեղակալը»:

Սա նշանակում է, որ եթե գլխավոր դատախազը հրաժարական է տվել, ուստի չի կարող համապատասխան հրաման ստորագրել` իր պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնելով գլխավոր դատախազի տեղակալներից որևէ մեկի վրա, հետևապես գլխավոր դատախազի տարիքով ավագ տեղակալը, այս դեպքում` Արմեն Հրանտի Հարությունյանը, օրենքով սահմանված կարգով ի պաշտոնե ստանձնել է գլխավոր դատախազի ժամանակավորապես փոխարինումը:

Հուսով ենք, ՀՀ Գլխավոր դատախազությունը կարձագանքի սույն հրապարակմանը և ի վերջո հանրության կներկայացնի իրականությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել