«Թափուր աշխատատեղերը շատ են, աշխատանք փնտրողները՝ նույնպես, պետք է այդ երկու կողմերն իրար հանդիպեն»

200 թափուր աշխատատեղ և աշխատանք փնտրող հազարավոր անձիք: Այսօր Երևանում տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառը:

Նախ միջոցառումը սկսվեց սեմինարների շարքով: Հայաստանում մի շարք հաջողված կազմակերպությունների ղեկավարներ և անձնակազմի հավաքագրման մասնագետներ ներկայացնեն աշխատաշուկայի հնարավորությունները, մասնակիցներ խորհուրդներ տվեցին կարիերայի առաջընթացի, հաջող հարցազրույց անցնելու և այլ հարցերի վերաբերյալ:

Այնուհետև մեկնարկեց բուն տոնավաճառը: Այն կազմակերպել էր «Արմակադ» ընկերությունը Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հետ համատեղ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Միջոցառման ինֆորմացիոն գործընկերներից էր Իրավաբան.net-ը: «Արմակադ»-ի նախագահ Խաչիկ Գևորգյան մեզ հետ զրուցում ասաց, որ սա Երևանում տեղի ունեցած երրորդ տոնավաճառն է. «Այս ֆորմատը բավականին կարևոր է, նախքան տոնավաճառը մենք այցելուներին ուղորդում ենք, թե ինչ է պետք բերել, ինչպես հագնվել և այլն: Կազմակերպել ենք սեմինար: Մենք հույս ունենք, որ այսպես աշխատանք փնտրողները կկարողանան ավելի կողմնորոշված լինել աշխատաշուկայում»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա փոխանցմամբ քաղաքացիների հետաքրքրվածությունը մեծ է. «Իրականում, թափուր աշխատատեղերը շատ-շատ են, աշխատանք փնտրողները՝ նույնպես, ուղղակի պետք է այդ երկու կողմերն իրար հանդիպեն և այս տոնավաճառները հենց նման նպատակ ունեն:

ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրենԱլեքսանդր Շագաֆյանը նույնպես գտնում է, որ սա հաջողված ձևաչափ է, նա ասում է, որ ամեն տարի գործատուների թիվն ավելանում է. «Առաջին անգամ, երբ որ նմանատիպ տոնավաճառներ իրականացնում էինք, այն կազմակերպությունները, որոնք որ մասնակցում էին, առ այսօր շարունակում են մեզ հետ աշխատել, ինչը մեզ համար ցուցիչ է, որ սա հաջողված, փոխադարձ ու շահավետ ձևաչափ է»:

Մեր զրուցակիցները տեղեկացրին, որ նախորդ տոնավաճառներին մասնակցել են 3 հազար քաղաքացի, դեռ ավելի, պարզապես հնարավոր չի եղել բոլորին գրանցել: Նշենք նաև, որ տոնավաճառում ընդգրկված են 28 կազմակերպություններ:

Մեզ հետ զրույցում աշխատանք փնտրեղները նշեցին, որ նման ֆորմատներով հեշտ է աշխատանք գտնել, քանի որ դեմ առ դեմ հանդիպում ես գործատուին, զրուցում նրա հետ և ներկայացնում սեփական փորձը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել