Քրեական վերաքննիչ դատարանում, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած 2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով դատական նիստը:
Նիստը տևեց ընդամենը մի քանի րոպե, քանի որ դատական նիստին չէին ներկայացել մեղադրող դատախազը և ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Լսելով կողմերին, դատավորը որոշեց հետաձգել գործի քննությունը, սակայն, պարզվեց, որ ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանի ամբողջ սեպտեմբեր ամիսը արձակուրդում է լինելու, ինչն էլ առաջացրեց դատավորի զայրույթին. «Մենք չենք կարող էտքան հետաձգել նիստը, մի բան արեք հարմարեցրեք, եթե դուք չեք գալու, ուրեմն հաջորդ նիստին Ձեզ փոխարինող ներկայացրեք»,- նշեց նա:
Այդուհանդերձ, այսօրվա նիստն ավարտվեց և որոշվեց դատաքննությունը շարունակել սեպտեմբերի 8-ին, սակայն պաշտպանի հարցը մնաց անորոշ:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 31-ին 2.5 տարեկան երեխա Լիա Միսակյանը ջերմություն է ունեցել և ցնցումների մեջ եղել, շտապօգնության միջոցով նրան հայրը տեղափոխել է Արաբկիր բժշկական կենտրոն, 2013թ. հունվարի 2-ին երեխան մահացել է: Առաջին ատյանի դատավճտի համաձայն՝ երեխան մահացել է Արաբկիր ԲՀ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի մասնագիտական պարտականությունները՝ ոչ պատշաճ իրականացնելու և դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով: Նրանց դատարանը մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքում, ամբաստանյալները համաներմամբ ազատ են արձակվել: