2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել կողմերը: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ բողոք են բերել տուժողի ներկայացուցչի իրավունքների պաշտպան Արթուր Սաքունցը, ամբաստանյալների փաստաբանները՝ Երեմ Սարգսյանն ու Գիվի Հովհաննիսյանը: Նրանք դժգոհ են գործն ըստ էության լուծող դատական ակտից:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանը ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատավճիռը:
2012թ. դեկտեմբերի 31-ին 2.5 տարեկան երեխա Լիա Միսակյանը ջերմություն է ունեցել և ցնցումների մեջ եղել, շտապօգնության միջոցով նրան հայրը տեղափոխել է Արաբկիր բժշկական կենտրոն, 2013թ. հունվարի 2-ին երեխան մահացել է: Առաջին ատյանի դատավճռի համաձայն՝ երեխան մահացել է Արաբկիր ԲՀ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի մասնագիտական պարտականությունները՝ ոչ պատշաճ իրականացնելու և դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով: Նրանց դատարանը մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքում, ամբաստանյալները համաներմամբ ազատ են արձակվել:
Վերաքննիչ բողոք էր բերել տուժողի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, բողոքով նա խնդրել էր բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, խստացնել պատիժը, Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ նշանակել լրացուցիչ պատիժ` նրանց զրկելով որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից` համապատասխանաբար 3 տարի և 2 տարի ժամկետով:
Իրավաբան.net կայքի հետ զրույցում Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը Վերաքննիչ ատյանի դատական ակտից հետո հայտարարել էր, որ շարունակելու է պայքարել՝ դիմելու է Վճռաբեկ դատարան, սպառելով ազգային ատյանները՝ կդիմի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Վճռաբեկ դատարանում այս գործը քննվելու է դատավոր Ելիզավետա Դանիելյանի նախագահությամբ: