Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

2.5 տարեկան երեխայի մահվան գործը. դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործի դատական վիճաբանությունների փուլը պաշտպանական ճառերի փոխարեն սկսվեց միջնորդությամբ:

Հիշեցնենք` 2012թ. դեկտեմբերի 31-ին Լիա Միսակյանը ջերմություն է ունեցել և ցնցումների մեջ եղել, շտապօգնության միջոցով տեղափոխել է Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ մահացել է 2013թ. հունվարի 2-ին: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու բժիշկների` Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ:

Ամբաստանյալների փաստաբանները` Գիվի Հովհաննիսյանի ու Երեմ Սարգսյանի միջնորդությունը մրցակցության սկզբունքի խախտմանն էր առնչվում: Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը, կարդալով միջնորդությունը, նշեց, որ դատարանը` դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ ողջ դատաքննության ընթացքում ցուցաբերել է կողմնակալ վերաբերմունք դեպքի մեղադրող կողմը: Նա բերեց մի քանի օրինակներ, երբ դատարանը, ըստ միջնորդության, անհիմն կերպով բավարարել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի միջնորդությունները, իսկ պաշտպանական կողմի միջնորդությունները մերժել:

«Ինքնաբացարկ ներկայացնելու՝ Արթուր Սաքունցի սպառնալիքներից հետո դատարանը հրավիրել է մի վկայի, ում ասածը որևէ առնչություն չունի գործի հետ: Դատարանի կողմից հարցաքննության չի հրավիրվում վկա բուժքույրը, ինչպես նաև փորձագետը, սակայն ի հակառակը դատարանի կողմի բավարարում է տուժող կողմի միջնորդությունները: Մեր համոզմամբ՝ դատարանը հանդես է գալիս մեղադրանքի կողմում և կայացվելու է մեղադրական դատավճիռ»,- ասաց փաստաբանը: Ելնելով այս ամենից փաստաբանները միջնորդեցին դատավորին ներկայացնել ինքնաբացարկ:

Մեղադրող դատախազը առարկեց` նշելով, որ պաշտպանական կողմը հիմնվում է իր սուբյեկտիվ դիտողությունների վրա. «Միջնորդություն է ներկայացվում, թե դատարանը իր միջնորդությունները մերժել է, ուրեմն կանխակալ է, չկա իրավական հիմնավորում, մեր միջնորդություններից մի քանիսն էլ է մերժել, ուրեմն կանխակալությո՞ւն կա այստեղ: Իրավական պատասխան չեմ կարող ներկայացնել, որովհետև միջնորդությունը ոչ մի իրավական հիմք չունի, բացարկն անհիմն է»,- նշեց դատախազը:

Տուժողի իրավահաջորդը՝ Գեորգի Միսակյանը կողմ էր դատախազի նկատառումին, նրա ներկայացուցիչը՝ Արթուր Սաքունցը գտավ, որ միջնորդությունը հիմնավոր չէ: Նա անդրադարձավ փաստաբանի այն պնդմանը, որ տուժող կողմից դատարանի վրա ճնշումներ են գործադրվել. «Կամ պետք է վերջ ի վերջո քրեական գործի հարուցման վերաբերյալ հաղորդում ներկայացնի պաշտպանը՝ ոչ օրինաչափ գործողություններ կատարելու հիմքով ինձ որպես կասկածյալ ներգրավվելու համար, կամ էլ պետք է բարի լինի՝ ներողություն խնդրի նման ոչ համարժեք գնահատականի համար»,- ասաց պարոն Սաքունցը: Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ, վերադառնալով մերժեց միջնորդությունը:

Այնուհետև պաշտպանական կողմը հանդես եկավ ճառով, փաստաբան Գիվի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այն երկար չի լինի, քանի որ դատարանը ցուցաբերում է անկողմնակալ վերաբերմունք: Նա մի քանի նախադասությամբ պնդեց, որ մեղադրանքը անհիմն է՝ միջնորդելով իր պաշտպանյալին ճանաչել ու հռչակել անմեղ:

Երեմ Սարգսյանը` Զարինե Այվազյանի պաշտպանը հայտարարեց, որ ինքը զրկված է եղել ճառին նախապատրաստվելու հնարավորությունից, քանի որ պաշտպանական կողմին չեն տրամադրվել դատարանի կողմից կայացված մի շարք որոշումներ:
Դատարանը լսելով փաստաբանին պաշտպանական կողմին տրամադրեց որոշումները և պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար դատական նիստը հետաձգեց:

Դատական վիճաբանությունների փուլը կշարունակվի մայիսի 14-ին:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել