2012թ. դեկտեմբերի 31-ին 2.5 տարեկան երեխա Լիա Միսակյանը ջերմություն է ունեցել և ցնցումների մեջ եղել, շտապօգնության միջոցով նրան հայրը տեղափոխել է Արաբկիր բժշկական կենտրոն, 2013թ. հունվարի 2-ին երեխան մահացել է:
Այս դեպքից երկու տարի անց՝ 2015թ. հունիսի 15-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց իր դատական ակտը՝ մեղավոր ճանաչելով Արաբկիր ԲԿ երկու բժշկուհիների Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին, ովքեր ներկայումս նույնպես աշխատում են այս բուժհաստատությունում:
Դատավոր Լևոն Ավետիսյանը Լիլիթ Վարդանյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի մեջ՝ նրան դատապարտելով ազատազրկման 2 տարի ժամկետով, առանց լրացուցիչ պատիժ նշանակելու: Նույն հոդվածով մեղավոր ճանաչվեց Զարինե Այվազյանը, նա դատապարտվեց ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: Ամբաստանյալները 2013թ. համաներմամբ ազատվեցին հիմնական պատժի կրումից:
Դատավճռի հրապարակումից հետո ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանը սկսեց արտասվել և բղավել, նա մեղադրում էր մահացած երեխայի հորը՜ Գեորգի Միսակյանին: Նշենք, որ տուժող կողմը քաղաքացիական հայց չի ներկայացրել, հակառակ դեպքում համաներում այս ամբաստանյալների նկատմամբ չպետք է կիրառվեր՝ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի:
Ի դեպ, այսօր բավականին ագրեսիվ էին ամբաստանյալների հարազատները, նրանք վիճաբանության մեջ մտան ամբաստանյալներին լուսանկարահանող լրագրողի հետ:
Իրավաբան.net-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանը արդարացի համարեց դատավճիռը, նա միայն ասաց. «Ուղղակի նորմալ չի, որ ովքեր, որ նրանց այդ գործին դրել են, չեն մասնակցում ու նրանց վերաբերյալ ոչ մի վճիռ չկա»:
Արթուր Սաքունցը՝ նրա ներկայացուցիչը, նշեց, որ Լիա Միսակյանի մահն առաջ է եկել ոչ պատշաճ ու բարեխիղճ բժշկական օգնության հետևանքով. «Մենք գտնում ենք, որ շատ հարցեր կապված են եղել ոչ միայն բժիշկների ոչ բարեխիղճ վերաբերմունքից, այլ նաև բժշկական սպասարկման որակից և ոչ պատշաճ կազմակերպման հետևանքով: Մենք մեր հայցն ուղղելու ենք ոչ միայն բժիշկներին, այլ նաև հիմնարկին»,- ասաց իրավապաշտպանը:
Գևորգ Թոսունյան
Ալեքսանդր Սարգսյան