Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր՝ Լևոն Ավետիսյանը մերժեց 2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով որպես ամբաստանյալ ներգրավված բժշկուհի Զարինե Այվազյանի պաշտպանի՝ Երեմ Սարգսյանի միջնորդությունը:
Հիշեցնենք` 2012թ. դեկտեմբերի 31-ին Լիա Միսակյանը ջերմություն է ունեցել և ցնցումների մեջ եղել, շտապօգնության միջոցով տեղափոխել է Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ մահացել է 2013թ. հունվարի 2-ին: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու բժիշկների` Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ: Դատարանն անցել է դատական վիճաբանությունների փուլին:
Թեև փաստաբան Երեմ Սարգսյանը պետք է հանդես գար պաշտպանական ճառով, սակայն նա միջնորդություն արեց՝ խնդրելով վերսկսել դատաքննությունը: Այնուհետև պարոն Սարգսյանը միջնորդեց քրեական գործին կցել մի շարք փաստաթղթեր՝ որոնք վերաբերում էին նույն հիվանդանոցում բուժված մի քանի անձանց ախտանիշներ, որոնք համընկնում էին Լիա Միսակյանի ախտորոշմանը. «Այս փաստաթղթերը հստակ հնարավորություն կտան պարզել, թե իրականում Լիա Միսակյանի մոտ եղած ախտանիշները որքանով են հանդիսանում մյուս դեպքերում բարեհաջող ելքերով ախտորոշումներում առկա ախտանիշներին»:
Բացի այդ, փաստաբանը միջնորդեց գործին կցցել նաև նույն դատարանում մեկ այլ քրեական գործի կրիչ, որտեղ, ըստ փաստաբանի, հարցաքննվել է այս գործով ներգրավված փորձագետը. «Նույն փորձագետի ասած հանգամանքները մեկ այլ եզրակացության պայմաններում լիովին հակասում են միմյանց»,- շեշտեց պարոն Սարգսյանը:
Այս միջնորդության վերաբերյալ մեղադրող դատախազն, ինչպես նաև տուժող կողմի իրավահաջորդն ու ներկայացուցիչը առարկեցին: Դատարանը լսելով կողմերին՝ որոշում կայացրեց մերժել միջնորդությունը՝ պարզաբանելով, որ նախ ինչպես մարդիկ այնպես էլ հիվանդությունները չեն կարող նույնը լինել: Ուստի դատավորն ասաց. «Այլ երեխաների հիվանդության պատմագրերը սույն քրեական գործով առնչություն ունենալ չեն կարող, ինչ վերաբերում է պաշտպանի միջնորդությանը այն մասին, որ մեկ այլ քրեական գործով փորձագետներների տրված ցուցմունքների հակասում են սույն գործին, ապա նշեն, որ յուրաքանչյուր գործով վարույթն իրականացվող մարմնի որոշմամբ նշանակվում է առանձին փորձաքննություն, մեկ այլ քրեական գործով եղած ապացույցներ, չեն կարող սույն քրեական գործում օգտագործվել որպես ապացույցներ, այդ թվում` փորձագետների ցուցմունքները, այս գործով կարող են օգտագործվել միայն սույն գործով ձեռք բերված ապացույցները»,- եզրահանգեց պարոն Ավետիսյանը:
Երեմ Սարգսյանը մինչ ճառը սկսելը հայտարարությամբ հանդես եկավ` ընդգծելով, որ դատարանի որոշումն իր կողմից կանխատեսելի էր, դատարանը մեղադրական դիրքորոշմանն է հակված. «Դուք ամեն գնով փորձեցիք հասնել նրան, որ ամբաստանյալները ենթարկվեն քրեական պատասխանատվության, դրանով փորձելով խուսափել տուժողների քննադատությունից և ճնշումից՝ միաժամանակ իմանալով, որ միևնույն է բժիշկներն ազատազրկում չեն կրելու, որ միևնույն է նրանց նկատմամբ համաներումն է կիրառվելու»,- ասաց պարոն Սարգսյանը:
Իր ողջ ճառում նա խոսեց սույն քրեական գործում հետազոտված փորձագիտական եզրակացություններից ու հարցաքննված փորձագետների ցուցմունքերից. «Սույն քրեական գործի ելքը երկու փորձագետ են որոշել, քանի որ նրանց կողմից տրված եզրակացություններն են անվիճելի հիմք հանդիսացել մեղադրող կողմի և դատարանի համար»:
Փաստաբանը բերեց մի քանի հիմնավորումներ, դատաքննության ընթացքում փորձագետների եզրակացություններ, ցուցմունքներ, որոնցով շեշտեց, որ փորձագետների և փորձագիտական խմբի նախագահի եզրակացություններն ու ցուցմունքներն իրար հակասում են: Իր ճառի ավարտին պարոն Սարգսյանը միջնորդեց ամբաստանյալ Զարինե Այվազյանին անմեղ ճանաչել:
Մեղադրող Դավիթ Կարապետյանն իր ռեպլիկում շեշտեց այն հանգամանքը, որ պաշտպանի ողջ ճառը հիմված էր փորձագետների աշխատանքի վրա, նա նշեց, որ երեխային հիվանդանոց տեղափոխելու օրը բժիշկներն իրենց գործառույթները լիարժեք չեն իրականացրել:
Տուժողի իրավահաջորդը՝ Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը նշեց, որ բժիշկները մատնված էին պարապուրդի. «Մի հատ բուժում, ինչ-որ մի բան ասեք, որ արել է Զարինեն կամ Լիլիթը, բացի նատրի քլորից ոչ մի բան, վերջ, դա ինչ բուժում է: Դե որ վատ էր, մի բան անեիք»,- դիմեց նա բժիշկներին:
Այսօրվա դատական նիստին վիճաբանությունների փուլն ավարտվեց, Լևոն Ավետիսյանը հաջորդ նիստին կհրապարակի դատավճիռը:
Գևորգ Թոսունյան