Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

2.5 տարեկան երեխայի մահվանից առաջ հիվանդանոցում արված տեսանյութը ցուցադրվեց դատարանում

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստի ընթացքում հետազոտվեց 2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվանից առաջ հիվանդանոցում արված տեսագրությունը: Չնայած որ այսօր պետք է սկսվեր նշյալ քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը, սակայն հերթական նիստին կողմերը միջնորդություններով հանդես եկան՝ խնդրելով դատարանին վերսկսել դատաքննությունը:

Հիշեցնենք` 2012թ. դեկտեմբերի 31-ին Լիա Միսակյանը ջերմություն է ունեցել և ցնցումների մեջ եղել, շտապօգնության միջոցով տեղափոխել է Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ մահացել է 2013թ. հունվարի 2-ին: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու բժիշկների` Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ:

Վերոնշյալ տեսանյութը դատարանում հետազոտվեց ամբաստանյալներից Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը, նա ասաց, որ տեսագրության սկավառակը կցվել է քրեական գործին, սակայն նրա պարունակությունը չի հետազոտվել:

Մեղադրողը միացավ միջնորդությանը, կողմերը չառարկեցին: Դատարանում ցուցադրվեց նշյալ տեսանյութը, որում երևում է երեխան պառկած վիճակում՝ դժվար շնչելիս: Նշյալ տեսանյութում հայրը նկարահանել է իր դստերը մահվանից առաջ` նրա բուժման ընթացքում: Գեորգի Միսակյանը՝ հայրը, տեսանյութի հետազոտման ընթացքում շեշտեց, որ նա չի կարող դիտել այն և դուրս եկավ նիստերի դահլիճից:

Նշյալ կրիչը քրեական գործին՝ որպես ապացույց կցելու միջնորդությունը դատարանը կքննարկի հաջորդ դատական նիստին: Հիշեցնենք, որ մինչ այս դատարանը հրաժարվել է տեսանյութը կցել քրեական գործին՝ պարզաբանելով, որ այն չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերին:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հերթական նիստին նույնպես միջնորդությամբ հանդես եկավ, նա ասաց, որ ի հայտ են եկել նոր ապացույցներ: Նա նշեց, որ նոր ապացույցը վերաբերում է Լիա Միսակյանի բուժվելու ժամանակահատվածում լաբորատորիայի աշխատելու կամ չաշխատելու հարցին: Պարոն Սաքունցը պարզաբանեց, որ մահացած երեխայի հոր եղբայրը Facebook.com սոցիալական ցանցում երեխայի մահվան հանգամանքների շուրջ խոսակցություն է ունեցել օգտատեր Սարգիս Մամյանի հետ, ով նշել է, թե երրորդ օրվա բժշկուհին իր քույրիկն է եղել ու ինքն ամեն ինչից տեղյակ է: Սարգիս Մամյանը հայտնել է. «Ամսի 1-ով շատ դժվար է բուժօգնություն ցուցաբերելը, դա բժշկի մեղավորությունը չի, դա հիվանդանոցի հարցն է, որ լաբորատորիաները չեն աշխատել ու հերթապահ բժիշկ է նշանակվել անփորձ բժշկի»,- գրության մեջ նկատի է առնվում 2013թ. հունվարի մեկը: Պարոն Սաքունցը միջնորդեց այս անձին հարցաքննել դատարանում: Դատարանն այս միջնորդության քննարկումը հետաձգել մինչև հաջորդ դատական նիստը:

Այսօրվա նիստին հետաքրքիր բանավեճեր էին տեղի ունենում դատավորի և մեղադրող դատախազ Դավիթ Կարապետյանի միջև: Երբ դատավորը հղում էր անում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, դատախազը հեռախոսի մեջ էր նայում. «Հարգելի մեղադրող դրեք մի կողմ հեռախոսը»,- նկատառում արեց դատավորը, իսկ մեղադրողը պատասխանեց, որ հեռախոսով խաղ չի խաղում, այլ օրենսգրքի հոդվածը կարդում, այնուհետև նա հոդվածը մեջբերեց հեռախոսից:

Ողջ դատական նիստի ընթացքում որևէ միջնորդություն անելուց հետո դատավորը դիմում էր դատավարության մասնակիցներին՝ խորհրդակցելով նրանց հետ, երբ խոսքը գնաց վերոնշյալ տեսանյութը հետազոտելու և որպես ապացույց ճանաչելու հանգամանքի մասին, դատախազը հայտարարեց, որ նախկին միջնորդությունների մերժման համար վերաքննիչ բողոք կներկայացնի. «Դուք մերժել եք մեր միջնորդությունը»,- հիշեցրեց Դավիթ Կարապետյանը, իսկ դատավորը շեշտեց. «Ես չեմ մերժում, դատարանն է մերժում»:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել