Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ դեկտեմբերի 22-ին հրապարակեց 2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով բերված Վերաքննիչ բողոքի վերաբերյալ իր որոշումը:
Նախորդ դատական նիստին եղել էին միջնորդություններ, սակայն դատարանը՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, վերադառնալով խորհրդակցական սենյակից, այսօր միանգամից հրապարակեց որոշումը՝ առանց անդրադառնալու միջնորդություններին: Դատարանը որոշեց մերժել բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատավճիռը:
Դատական նիստին ներկա չէին ո՛չ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, ամբաստանյալների իրավունքների պաշտպաններ Երեմ Սարգսյանն ու Գիվի Հովհաննիսյանը, ո՛չ էլ մեղադրող դատախազը:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 31-ին 2.5 տարեկան երեխա Լիա Միսակյանը ջերմություն է ունեցել և ցնցումների մեջ եղել, շտապօգնության միջոցով նրան հայրը տեղափոխել է Արաբկիր բժշկական կենտրոն, 2013թ. հունվարի 2-ին երեխան մահացել է: Առաջին ատյանի դատավճռի համաձայն՝ երեխան մահացել է Արաբկիր ԲՀ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի մասնագիտական պարտականությունները՝ ոչ պատշաճ իրականացնելու և դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով: Նրանց դատարանը մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքում, ամբաստանյալները համաներմամբ ազատ են արձակվել:
Վերաքննիչ բողոք էր բերել տուժողի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, բողոքով նա խնդրել էր բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, խստացնել պատիժը, Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ նշանակել լրացուցիչ պատիժ` նրանց զրկելով որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից` համապատասխանաբար 3 տարի և 2 տարի ժամկետով:
Որոշման հրապարակումից հետո Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը մեզ փոխանցեց, որ նման ելքն իրենց համար կանխատեսելի էր, այդուհանդերձ նա շարունակելու է պայքարել՝ դիմելու է Վճռաբեկ դատարան, սպառելով ազգային ատյանները՝ կդիմի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Նրանք թող պատժվեն, սենց չեն հելնելու ժպիտը դեմքներին գնան տուն, էնքան են անելու, թող մեշոկով փող թափեն, ներվեր քայքայեն ու իմանան երեխայիս երեք օրվա չարչարանքը»,- ասաց պարոն Միսակյանը:
Փաստաբան Գիվի Հովհաննիսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դատարանը մերժել է միջնորդությունները, հակառակ դեպքում որոշում այսօր չէր կայացնի:
Գևորգ Թոսունյան