Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկներ Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:
Դատարանում հարցաքննվեցին երկու բժշկական փորձագետներ, որոնք իրականացրել էին կրկնակի դատաբժշկական փորձաքննություն:
Այս փորձագետները եզրահանգել էին, որ Լիա Միսակյանի մահվան պատճառ է հանդիսացել իմունային բջիջների անբավարարությունը, այսինքն` երեխայի մոտ իմունային բջիջները 5000-ի փոխարեն եղել են 18, որը բացարձակ ցածր թիվ է: Մասնագետները պարզաբանեցին, որ բջիջների 500-ից ցածր քանակն արդեն իսկ կյանքի համար խիստ վտանգավոր է համարվում:
Ուստի` հարցաքննված փորձագետները հիմնականում մահվան պատճառը սա են դիտարկել` պնդելով, որ օրգանիզմն ի վիճակի չի եղել պայքարել առկա հիվանդությունների դեմ: Անդրադառնալով բժշկական գործոնին փորձագետները պատասխանել են, որ այնուամենայնիվ որոշակի բացթողումներ եղել են. «Սակայն դրանք բավական չեն պատճառական կապ հաստատելու երեխայի մահվան և ամբաստանյալ բժիշկների միջև»,- փոխանցեց ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Այսօր պաշտպանին վրդովվեցնել էին դատարանի և մեղադրող դատախազի պահվածքը. «Ես իրավաբանություն չեմ տեսնում դատարանում, այն որ իրավաբանական աշխատանք պետք է լինի, դրա փոխարեն այլ աշխատանք ենք տեսնում: Անընդհատ մենք բարձրաձայնում ենք, որ նրանց կողմից տարբեր հարցեր իրավաչափ չեն, անթույլատրելի են տարբեր վարքագծեր»,- ասաց փաստաբանը: