2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով բերված Վերաքննիչ բողոքի քննությունն այսօր տևել է մի քանի ժամ:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 31-ին 2.5 տարեկան երեխա Լիա Միսակյանը ջերմություն է ունեցել և ցնցումների մեջ եղել, շտապօգնության միջոցով նրան հայրը տեղափոխել է Արաբկիր բժշկական կենտրոն, 2013թ. հունվարի 2-ին երեխան մահացել է: Առաջին ատյանի դատավճռի համաձայն՝ երեխան մահացել է Արաբկիր ԲՀ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի մասնագիտական պարտականությունները՝ ոչ պատշաճ իրականացնելու և դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով: Նրանց դատարանը մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքում, ամբաստանյալները համաներմամբ ազատ են արձակվել:
Վերաքննիչ բողոք է բերել տուժողի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, բողոքով նա խնդրել է բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, խստացնել պատիժը, Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ նշանակել լրացուցիչ պատիժ` նրանց զրկելով որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից` համապատասխանաբար 3 տարի և 2 տարի ժամկետով:
Քրեական վերաքննիչ դատարանում, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստի ժամանակ միջնորդություններով են հանդես եկել ամբաստանյալների փաստաբանները, նրանք խնդրել են գործում ներգրավված փորձագետի եզրակացություններն անվավեր ճանաչել, ինչպես նաև նրան բացարկ հայտնել, բացի այդ Երեմ Սարգսյանի և Գիվի Հովհաննիսյանի միջնորդություն էին ներկայացրել հանձնաժողովային փորձաքննություն իրականացրած հանձնաժողովի նախագահին հարցաքննության կանչել: Նրանք նաև միջնորդություն էին ներկայացրել հարցաքննության հրավիրել նույն հիվանդանոցի բուժքույրներից մեկին, սակայն դարանը միջնորդությունը մերժել է:
Այսօր դատավոր Գագիկ Ավետիսյանը գնաց խորհրդակցական սենյակ այս միջնորդությունների հարցը լուծելու համար, չի բացառվում որ նաև վաղը նա հրապարակի իր որոշումը: