«Օտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրերի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության համար լիազոր մարմինն է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը, որն օտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող ՀՀ, օտարերկրյա քաղաքացիների հետընդունման, ինչպես նաև ՀՀ տարածքով երրորդ պետությունների քաղաքացիների տարանցման մասին դիմումները ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն:
Վերջինս օտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող ՀՀ քաղաքացիների հետընդունման դիմումների վերաբերյալ կարծիք է հայտնում 15 աշխատանքային օրվա ընթացքում` հաստատելով կամ ժխտելով դիմումում նշված անձի` ՀՀ քաղաքացիություն ունենալու փաստը, իսկ օտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող օտարերկրյա քաղաքացիների հետընդունման դիմումների վերաբերյալ կարծիք է հայտնում 15 աշխատանքային օրվա ընթացքում` հաստատելով կամ ժխտելով դիմումում նշված անձի` ՀՀ բնակության իրավունք տվող կացության կարգավիճակ ունենալու կամ ՀՀ կողմից տրված մուտքի թույլտվության փաստը:
Օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը ՀՀ կողմից հետընդունման ենթակա այն անձանց, ովքեր չունեն ճամփորդական փաստաթղթեր, օտարերկրյա պետության իրավասու մարմնի դիմումի հիման վրա, դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է ՀՀ վերադարձի վկայական՝ առնվազն 60 օր վավերականության ժամկետով: Եթե այդ ընթացքում հնարավոր չի լինում անձին փոխադրել, ապա առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում անձին տրամադրվում է նոր վերադարձի վկայական` նույն վավերականության ժամկետով:
Անձի քաղաքացիությունը և ինքնությունը հաստատելու դժվարության և օտարերկրյա պետության կողմից խնդրանքի առկայության դեպքում միգրացիոն պետական ծառայությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը և արտաքին գործերի նախարարությունը համապատասխան օտարերկրյա պետություն կարող են գործուղել իրենց աշխատողներին անձի հետ հարցազրույց անցկացնելու նպատակով: Նման դեպքերում հարցազրույցներ կարող են անցկացվել նաև օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչների միջոցով: