Տեղեկատվություն վթարի վայրում գտնվողներին

Ավտոտրանսպորտային պատահարի, այն է՝ վթարի ժամանակ, տուժողներին պետք է ցուցաբերվի անհրաժեշտ բժշկական օգնություն:

Համաձայն ՀՀ կառավարության № 1327-Ն որոշման` դեպքի վայրում բժշկական օգնության ցուցաբերումը ներառում է ինչպես ինքնօգնությունը և փոխօգնությունը դեպքի վայրում հայտնված անձանց կողմից (վարորդների, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության ծառայողների և մյուսների), այնպես էլ բժշկական օգնության ցուցաբերումը շտապ օգնության բրիգադի, դեպքի վայրում գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների բուժաշխատողների կողմից:

Դեպքի վայրում հայտնված անձանց կողմից իրականացվող միջոցառումներն են`
1) ահազանգումը շտապ օգնության կայան.
2) տուժածի տեղափոխումն անվտանգ վայր, վառվող հագուստի մարումը, պաշտպանումը ոչ բարենպաստ կլիմայական պայմաններից (ցուրտ, շոգ և այլն).
3) շտապ օգնության մեքենա կանչելու հնարավորության բացակայության և տուժածին մասնագիտացված բժշկական հաստատություն անհապաղ տեղափոխելու անհրաժեշտության դեպքում` տուժածին մոտակա բժշկական հաստատություն տեղափոխելու կազմակերպումը: Անհրաժեշտ է կազմակերպել տուժածի՝ հնարավորինս խնամքով տեղափոխումը (տակդիրի օգտագործում, տուժածի ծածկում, տուժածի` հնարավորինս հարմար դիրքի ապահովում): Վերջույթի կոտրվածքի առկայության դեպքում անհրաժեշտ է այն անշարժացնել ձեռքի տակ գտնվող միջոցներով, արտաքին արյունահոսությունը դադարեցնել ճնշող կապով, իսկ զգալի արյունահոսությունը` լարանի միջոցով:

Դեպքի վայր ժամանած բուժաշխատողների կողմից իրականացվում են`
1) ցավի վերացման նպատակով համապատասխան դեղամիջոցի ներարկում.
2) սրտի կանգի դեպքում` սրտի ոչ ուղղակի մերսում և միաժամանակ արհեստական շնչառության իրականացում.
3) համակցված (կոմբինացված) վնասվածքների դեպքում (վնասվածք և այրվածք) այրվածքներից ախտահարված մարմնի մասերի պաշտպանության նպատակով անհրաժեշտ միջոցառումների իրականացում` հակաայրվածքային դեղամիջոցների ու հակաայրվածքային կամ ստերիլ վիրակապի օգտագործմամբ:

Ավելացնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդածը սահմանում է, որ կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալը կամ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելը, եթե հանցավորը պարտավոր չի եղել հոգ տանելու տուժողի մասին և ինքը նրան չի դրել կյանքի համար վտանգավոր դրության մեջ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից (50.000 դրամ) հարյուրապատիկի (100,000 դրամ) չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել