Կացարանը տրամադրվում է բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հաշվառման ցուցակում ընդգրկված անձին (ընտանիքին)` ըստ սոցիալական խմբի և ըստ հաշվառման հերթականության՝ նախարարի հրամանի համաձայն:
ՀՀ կառավարության № 894 որոշմամբ սահմանված կարգով կազմակերպությունը սոցիալական տանը` բնակչի կողմից կացարանն ազատվելու օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է նախարարությանը:
Սոցիալական տան ազատված կացարանում բնակչի տեղավորման առաջարկության ներկայացման առաջնահերթությունները նշվում են հետևյալ հերթականությամբ`
1) սոցիալական տան գտնվելու վայրի համայնքի բնակիչներից առավել վաղ հաշվառված անձը (ընտանիքը).
2) ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված այն տարածքի բնակիչներից առավել վաղ հաշվառված անձը (ընտանիքը), որում գտնվում է սոցիալական տան գտնվելու համայնքը.
3) ՀՀ այն մարզի բնակիչներից առավել վաղ հաշվառված անձը (ընտանիքը), որում գտնվում է սոցիալական տան գտնվելու համայնքը.
4) հանրապետական ցուցակում առավել վաղ հաշվառված անձը (ընտանիքը):
Սոցիալական տան ազատված կացարանում բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հաշվառման ցուցակում ընդգրկված անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորման որոշումն ընդունում է նախարարը՝ նախարարին կից գործող ոչ առևտրային կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) պատշաճ հիմնավորված առաջարկության դեպքում:
Եթե բնակելի տարածության կարիք ունեցող անձանց համապատասխան սոցիալական խմբի հաշվառման ցուցակի` այդ պահի դրությամբ առաջին համարով հաշվառված անձն առանց ծնողական խնամքի մնացած երեխա է, որի բնակելի տարածության իրավունքը ծագում է ավելի ուշ ժամկետում` նրա 18 տարեկանը լրանալու օրը, ապա նախարարությունը ուսումնասիրությունը կազմակերպում է հերթացուցակում ընդգրկված հաջորդ անձի (ընտանիքի) համար, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխան հերթացուցակում պահպանում է իր տեղը` մինչև նրա 18 տարեկանը լրանալը:
Հերթացուցակում ընդգրկված անձանց հերթագրման հավասար պայմանների (դիմումը տալու օր, սոցիալական խումբ) հավասար լինելու դեպքում կիրառվում են հետևյալ առաջնահերթությունները` ըստ թվարկման հերթականության`
1) խնամքին առկա երեխաների թիվը.
2) ընտանիքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի առկայությունը և նրանց թիվը.
3) ժամկետային զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը:
Կացարանները քաղաքացիներին տրամադրվում են`
1) ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած անձանց` անժամկետ.
2) սատարող ընտանիքին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձանց, մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին` 10 տարի ժամկետով:
5 տարի ժամկետով կնքված պայմանագիրը կարող է երկարացվել մեկ անգամ, առավելագույնը` 5 տարի ժամկետով, եթե պահպանվել է տվյալ անձի` կացարանի տրամադրման հիմքը: