Ինչպե՞ս են օտարերկրացիներին տրամադրվում կացարաններ

ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի N 783-Ն որոշումը սահմանում է օտարերկրացիներին ՀՀ պետական սահմանի անցման կետերում հատուկ կացարաններում պահելու կարգը: Այսպես, օտարերկրացիները հատուկ կացարաններում պահվում են սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ստորաբաժանման պետի կամ նրան փոխարինող անձի որոշման հիման վրա:

Օտարերկրացիները հատուկ կացարաններում ժամանակավոր պահվում են` մինչև հանգամանքները պարզելը և նրանց նկատմամբ որոշում ընդունելը, իսկ Հայաստանի Հանրապետություն անօրինական մուտք գործած ապաստան հայցողներին` մինչև ապաստանի հայցի ընդունումն ու գրանցումը (հատուկ այդ նպատակով նախատեսված գրանցամատյանում)` դրա մասին տեղեկացնելով միգրացիայի հարցերով լիազոր մարմնին և ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին:

Մինչև հատուկ կացարանում օտարերկրացիներին տեղավորելը` սահմանապահներն օրենքով սահմանված կարգով իրավունք ունեն զննության ենթարկելու, իսկ անհրաժեշտության դեպքում, «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետի և «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ժ» կետի համաձայն, վերցնելու նրանց իրերն ու փաստաթղթերը, որի վերաբերյալ կազմվում է արձանագրություն: Արգելվում է օտարերկրացիների անձնական զննումն իրականացնել հակառակ սեռի ներկայացուցչի կողմից:

Մինչև օտարերկրացիներին հատուկ կացարանում պահելը, ինչպես նաև կացարանում գտնվելու ամբողջ ընթացքում` առողջական վիճակն ստուգելու և վարակիչ հիվանդություններով տառապող անձանց հայտնաբերելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հետագա բժշկական հսկողության իրականացման նպատակով նրանք հետազոտվում են անցման կետում գործող բուժկետի և սանիտարական-կարանտինային կետի անձնակազմի կողմից:

Օտարերկրացիներին պահելու համար հատուկ կացարանում ստեղծվում են` տղամարդկանց, կանանց և (կամ) անչափահասներին առանձին պահելու սենյակներ, ընտանիքի համար նախատեսված սենյակ, հիվանդների և հաշմանդամների համար սենյակ:

Առավել մանրամասն հատուկ կացարանների տրամադրման կանոններին կարող եք ծանոթանալ N 783-Ն որոշման հավելվածում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել