Լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակներ տրամադրման մրցույթն անցկացվում է ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` ըստ հետևյալ ոլորտների` 1) բնագիտական (մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ, 2) բժշկություն, 3) հումանիտար գիտություններ, 4) հասարակագիտություն, 5) ճարտարագիտություն(ճարտարապետական/գյուղատնտեսական), 6) մշակույթ-սպորտ, 7) հայագիտություն:
ՀՀ կառավարության № 1005-Ն որոշման 4-րդ կետի համաձայն`մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:
Մրցույթի ներբուհական փուլը կազմակերպում են բուհերը: Մրցույթի երկրորդ փուլի մրցութային հանձնաժողովի կազմը հաստատում է ՀՀ կրթության և գիտության նախարարը:
Հանձնաժողովը մինչև դեկտեմբերի 10-ը յուրաքանչյուր ոլորտում որոշում է հաղթողներին (1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր): Մրցույթի հաղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորների քանակի հիման վրա: Ոլորտներում սահմանված չափանիշների գնահատման համար մրցութային հանձնաժողովի կողմից կիրառվում է 3-10 միավորանոց գնահատման սանդղակ: Հավասար միավորների դեպքում հաշվի է առնվում ուսանողի առաջադիմությունը և ոլորտում ըստ հերթականության ներկայացված չափանիշները:
Մրցույթի հաղթողները պարգևատրվում են հավաստագրերով և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին ՀՀ կրթության և գիտության նախարարի սահմանած մեկանգամյա անվանական կրթաթոշակներով: