2013 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունվել է Երևան քաղաքի ավագանու N 93-Ն որոշումը, ըստ որի` Ծառայողական ավտոկայանատեղը կարող է տրամադրվել միայն դիմողին սեփականության իրավունքով պատկանող կամ այլ օրինական հիմքով տիրապետվող և գործունեության իրականացման վայր հանդիսացող շենքին և (կամ) շինությանը (կամ դրա հատվածին) անմիջապես հարակից ճանապարհահատվածի սահմաններում, բայց ոչ պակաս, քան 3 ավտոտրանսպորտային միջոցների (անկախ ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցների կայանման ձևից) կայանման համար սահմանված չափերի սահմաններում։
Ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպիչը կարող է սահմանափակել այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքը տվյալ տարածքում, բացառությամբ որոշ դեպքերի:
Եթե, օրինակ, շենքը կամ շինությունը, որին հարակից ճանապարհահատվածում ավտոկայանատեղի կազմակերպում է հայցվում, սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի անձանց, ապա ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպիչը չի կարող սահմանափակել տվյալ շենքի կամ շինության այլ սեփականատերերի կամ այլ օրինական հիմքով տիրապետողների կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքը տվյալ ծառայողական ավտոկայանատեղում, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է տվյալ շենքում կամ շինությունում որպես սեփականություն գույքային միավորներ ունեցող բոլոր սեփականատերերի և (կամ) այլ օրինական հիմքով տիրապետողների համաձայնությունը: Այլ անձանց, այդ թվում` տվյալ շենքի և (կամ) շինության սեփականատերերի կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքի սահմանափակմամբ ավտոկայանատեղերը կարող են գործել աշխատանքային օրերին, բացառությամբ այն դեպքերի, երբ կազմակերպչի գործունեությունից բխում է նրա այլ աշխատանքային ռեժիմը:
Ծառայողական ավտոկայանատեղի համար մատչելի և տեսանելի վայրերում պիտի տեղադրված լինի ցուցանակ, որը պետք է պարունակի ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպչի լրիվ անվանումը կամ անունը և ազգանունը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ավտոկայանատեղի աշխատանքային ռեժիմը, ինչպես նաև գրառում այն մասին, որ կայանումն անվճար է:
Ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպչի կողմից չի կարող սահմանափակվել տվյալ ավտոկայանատեղում այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցի կանգառ կատարելու իրավունքը: