Ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ծառայությունում վարվում է մուքի ու ելքի մատյան, որտեղ համապատասխան կազմակերպության կողմից պատրաստած համարանիշերը մուտքագրվում են պահեստավորվում և հետագայում հայտերի հիման վրա ապրանքագրերով առաքվում են տրանսպորտային միջոցների հաշվառման տարածքային ստորաբաժանումներ:
Հաշվառումից հանված տրանսպորտային միջոցի կամ շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած ու փոխանակման ենթակա համարանիշերը վերադարձվում են ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանում: Սակայն ՀՀ կառավարության 233-Ն որոշման 7-րդ կետով սահմանված են բացառություն կազմող այն համարանիշները, երբ համարանիշները ենթակա չեն վերադարձման: Այդ համարանիշներն են`
Հայաստանի Հանրապետության պետական դրոշի կամ կաթողիկոսական զինանշանի ուրվապատկերը պարունակող համարանիշերը, այլ անձի՝ ժառանգության միջոցով փոխանցված կամ 1-ին կամ 2-րդ հերթի ժառանգներին օտարված տրանսպորտային միջոցների համարանիշերը, եթե տրանսպորտային միջոցի նոր սեփականատերը ցանկանում է ձեռք բերել նաև նախկին համարանիշերը (բացառությամբ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի):
Ստորաբաժանում վերադարձված համարանիշերը, ենթակա են առնվազն երկու մասի կտրման եղանակով ոչնչացման` ստորաբաժանման աշխատողներից կազմված հանձնաժողովի կողմից: Այստեղ ևս կան բացառություններ, երբ համարանիշը ենթակա չէ ոչնչացման: Վերջիններիս շարքին են դասվում`
Մեծ պահանջարկ ունեցող՝ ի պահ հանձնված համարանիշերը, տարանցիկ համարանիշերը (բացառությամբ շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած տարանցիկ համարանիշերի), Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների՝ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց անձնակազմերի անդամների տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերը, «Հյուրերին սպասարկող» (պաշտոնական պատվիրակություններին սպասարկող) տրանսպորտային միջոցների համարանիշերը, դեղին հիմնագույնի համարանիշերը (բացառությամբ հետագա շահագործման համար ոչ պիտանի համարանիշերի):
Ոչնչացված համարանիշերը կրկին կարող են արտադրվել միայն համարանիշերի ոչնչացման մատյանում զույգ համարանիշերի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ոչնչացման վերաբերյալ գրառման առկայության դեպքում:
Ավելացնենք, որ համաձայն Պետական տուրքերի մասինն ՀՀ օրենքի համարանիշների հաշվառման համար գանձվում է պետական տուրք` 12,000 դրամ: