Հատուկ կարգավիճակ ունեցող ուղեվորների փոխադրումն իրականացվում է հատուկ կերպով:
Այսպես, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թ. դեկտեմբերի 15-ի N 224-Ն հրամանի 8-րդ գլխի դրույթների համաձայն` անչափահաս ուղևորը, եթե մեկնում է առանց ծնողի կամ առանց նրան որդեգրողի կամ առանց խնամակալի կամ առանց հոգաբարձուի, ապա պետք է բացի ճամփորդական փաստաթղթերից իր մոտ ունենա վերը նշված անձանցից որևէ մեկի կողմից տրված նոտարական հաստատումով համաձայնագիր:
Համաձայնագրում պետք է նշված լինի մեկնման ժամկետը և պետությունը/ները, որը/որոնք նա մտադրված է այցելել: Փոխադրողները կարող են անչափահաս ուղևորների փոխադրման համար սահմանել արտոնյալ պայմաններ և սակագներ, որոնք ենթակա են հրապարակման և չեն կարող հակասել օրենսդրությանը:
Փոխադրողի կանոններով կարող է սահմանվել նստասայլակով ուղևորների, պատգարակով հիվանդների, ինչպես նաև որոշակի խումբ ուղևորների տեղափոխման լրացուցիչ պայմաններ, որոնք չեն կարող հակասել օրենսդրությանը: Փոխադրողը իրավունք ունի մերժել ինչպես նստասայլակով, այնպես էլ պատգարակով հիվանդի տեղափոխումը, եթե օդանավի հնարավորությունները թույլ չեն տալիս դա կատարելու:
Տեսողություն և/կամ լսողություն չունեցող ուղևորը պետք է ունենա կամ ուղեկցող կամ պետք է գտնվի փոխադրողի հսկողության ներքո, եթե նման տեղափոխում ընդհանրապես նախատեսված է փոխադրողի կողմից: Տեսողություն չունեցող ուղևորը նաև կարող է մեկնել ուղեկցող շան հետ, իսկ շունը փոխադրվում է անվճար: