Ապօրինի ձկնորսությունը Հայաստանում պատժվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, սակայն վարչական տույժի չափն այնքան քիչ է, որ ապօրինի ձկնորսությամբ զբաղվողները գերադասում են վճարել վարչական տույժը եւ շարունակել զբաղվել ապօրինի որսորդությամբ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 89 հոդվածի համաձայն` գետերում, լճերում, ջրամբարներում և ջրի այլ աղբյուրներում ջրերում ձկան, գազանների և ջրային այլ որսով զբաղվելը առանց թույլտվության, կամ արգելված ժամանակ, կամ չթույլատրված վայրերում, կամ չթույլատրված գործիքներով, եղանակներով ու ձևերով, եթե հասցված վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկը` 3000 ՀՀ դրամը, առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով (50.000-100.000 ՀՀ դրամ), իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով (100.000-200.000 ՀՀ դրամ)` որսի միջոցով ձեռք բերվածի, որսի գործիքների, լողունակ միջոցների և դրանց բոլոր այն պատկանելիքների բռնագրավմամբ, որոնք խախտումներ կատարելու գործիք են դարձել: