«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը նախատեսում է,որ կալանավորված անձը, հնարավորության դեպքում, կամավոր ապահովվում է աշխատանքով, կամ նրան իրավունք է վերապահվում ինքնուրույն զբաղվել աշխատանքով, որի կարգը և պայմանները սահմանվում են ներքին կանոնակարգով:
Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը, կալանավորված անձին աշխատանքի ներգրավելիս, պարտավոր է հաշվի առնել նրա սեռը, տարիքը, աշխատունակությունը, առողջական վիճակը և հնարավորինս` մասնագիտությունը: Կալանավորված անձն աշխատանքի է ներգրավվում խցային պայմաններում:
Կալանավորված անձի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
Կալանավորված անձի կատարած աշխատանքից ստացված եկամուտը, օրենքով նախատեսված պահումները կատարելուց հետո, փոխանցվում է նրա անձնական հաշվին:
Արգելվում է կալանավորված անձանց ներգրավել չվարձատրվող աշխատանքների, բացառությամբ սանիտարահիգիենիկ աշխատանքների:
Կալանավորված անձանց արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: