30 րոպե տևողությամբ արդարադատություն. Արշավիր Խալափյանի գործով վերաքննիչ ատյանը հրապարակեց որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ, այսօր շարունակեց փաստաբան Արաշվիր Խալափյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը:

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրված երկու դրվագով: Առաջին դեպքում, համաձայն մեղադրական եզրակացության, նա, լինելով փաստաբան, ստանձնելով Սյունիքի մարզի, Սյունիք համայնքի բնակիչներ Հ.Մարգարյանի ու Է Կարապետյանի շահերի պաշտպանությունը, վերջիններիս ենթադրյալ իրավունքների խախտման կապակցությամբ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին` համայնքի «Հին գերեզմաններ» կոչվող վայրում համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի գերեզմանատեղեր ապօրինի հատկացնելու վերաբերյալ, որի հիման վրա հարուցվել է քրեական գործը: Այնուհետև նշված  գործի նախաքննության ընթացքում` 2014թ-ի մարտին, Կապանի «Դարիստ» հյուրանոցային համալիրում հանդիպել է Ս.Սարգսյանի որդուն` Սարմեն Սարգսյանին և ի վնաս նրա հոր գործողություններ չկատարելու` նոր բողոքներ չներկայացնելու պայմանով, Սարմեն Սարգսյանից ապօրինի պահանջել է 10.000 դոլար:

Երկրորդ դրվագով, համաձայն մեղադրական եզրակացության, Արշավիր Խալափյանը նախորդ տարվա ապրիլի 7-ին, նախ որպես Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի 17շենքի բնակիչ գրավոր դիմել է Կապանի քաղաքապետարան` Աշոտ Կույումջյանի կողմից նշված հասցեին հարակից տարածքում ապօրինի շինարարություն կատարելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, իսկ ապրիլի 18-ին որպես  փաստաբան, դարձյալ նույն նպատակով` հերթական դիմումն է ներկայացրել քաղաքապետարան, որից հետո 2014թ-ի մայիսի 1-ին վերոհիշյալ հյուրանոցային համալիրի թիվ 210 սենյակում հանդիպել է Ա. Կույումջյանին ու իր կողմից ներկայացված դիմումների ընթացքի վերաբերյալ գործողություններ չկատարելու, այն է հետևողականություն չցուցաբերելու, նոր դիմումներիի չներկայացնելու, ավելի խիստ վարչական պատասխանատվության ենթարկվելու համար խնդիրներ չառաջացնելու, դարձյալ հանդես գալով որպես փաստաբան և հիշյալ կառուցների մարզային ներկայացուցիչ` Աշոտ Կույումջյանից որպես կաշառք ապօրինի պահանջել է 1500 դոլար:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն առաջին դրվագով արդարացել է Ա. Խալափյանին, իսկ երկրորդ դրվագով մեղավոր ճանաչել և դատապարտել մեկ տարվա ազատազրկման:

Այս գործով վերաքննիչ բողոքներ են ներկայացրել մեղադրող դատախազը, ով պահանջել է մասնակիորեն բեկանել առաջին ատյանի դատավճիռն ու մեղավոր ճանաչել առաջին դրվագով և վերջնական պատիժ նշանակել երկու տարի ազատազրկում, և ամբաստանյալի պաշտպանները՝  պահանջելով արդարացնել նրան և գործը կարճել՝ 1-ին դրվագով հանցադեպի, 2-րդ դրվագով՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Դատարանում Արշավիր Խալափյանը հայտարարեց, որ ինքն անմեղ է և պահանջում է իրեն արդարացնել: Իրեն առաջադրված մեղադրանքի երկրորդ դրվագի վերաբերյալ շեշետեց այն հանգամանքը, որ ինքը բոլոր հարցումները կատարել է որպես շարքային քաղաքացի և երբեք չի օգտագործել փաստաբանի ձևաթուղթը:

Ի պատասխան սրա՝ մեղադրող դատախազը նշեց, որ հարցման մեջ նշված է եղել, որ հաջորդ հարցումները կուղարկի որպես փաստաբան: Ամբաստնյալի պաշտպան Արմինե Ֆանյանն էլ  ասաց. «Դատախազն էլ իր խոսքով հաստատեց, որ մեր բողոքները հիմնավոր են և որ այդ հարցումները Արշավիր Խալափյանը չի ուղարկել որպես փաստաբան»:

Մեղադրողը, այնուամենյանիվ, միջնորդեց դատարանին՝ պաշտպանական կողմի բողոքները մերժել, իսկ պաշտպանական կողմը միջնորդեց՝ մեղադրողի բողոքը մերժել:

Արշավիր Խալափյանը նաև հանդես եկավ հայտարարությամբ և ասաց, թե Սյունիքի մարզի դատախազությանը չի հետաքրքրում՝ ինքն անմեղ է, թե՝ ոչ, այլ նպատակ կա իրեն մեկուսացնելու և զրկելու փաստաբանի արտոնագրից, քանի որ ինքը պայքարում է Սյունիք գյուղում կատարվող ապօրինիությունների դեմ և գյուղացիների շահերի իրական պաշտպանն ինքն է:

Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատարանը անցավ խորհրդակցական սենյակ և շուրջ 30 րոպե հետո հրապարակեց որոշում, որով մերժեց երկու կողմի ներկայացրած բողոքները՝ ուժի մեջ թողնելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Վերաքննիչ ատյանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով՝ մեկամսյա ժամկետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել