Ոստիկանությունում ծառայության մասին ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն ոստիկանության ծառայողների համար սահմանվում են դրամական բավարարման պահպանմամբ հետևյալ արձակուրդները.
1) ամենամյա.
2) ուսումնական.
3) լրացուցիչ (ելնելով ծառայության ստաժից, վնասակար պայմաններում պարտականությունների կատարման և ծառայության հատուկ բնույթից):
Ոստիկանության ծառայողին կարող է տրամադրվել նաև կարճատև արձակուրդ:
Ոստիկանության կին ծառայողներին տրամադրվում է նաև նախածննդյան և հետծննդյան, իսկ ծառայողներին` երեխային խնամելու արձակուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող ղեկավարի հրամանով:
Ծառայողի ցանկությամբ, տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը կարող են գումարվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ կարող են փոխարինվել լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: