ՀՀ օրենսդրությունն անդրադարձել է նաև այն դեպքերին, երբ ուղևորը փորձում է օգտվել տրանսպորտային միջոցից` առանց համապատասխան տոմս ձեռք բերելու:
Այսպես, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 137-րդ հոդվածը սահմանում է, որ ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով: Հինգից մինչև տասը տարեկան անտոմս երեխաներ փոխադրելը` առաջացնում է տուգանքի նշանակում, մերձքաղաքային գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով, տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:
Անտոմս ուղևորների թռիչքը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Ուղևորների անտոմս երթևեկելը տրոլեյբուսով, տրամվայով, քաղաքային և մերձքաղաքային հաղորդակցության ավտոբուսներով, երթուղային տաքսիով, մետրոպոլիտենով` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով:
Միջքաղաքային հաղորդակցության ավտոբուսով անտոմս երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:
Ընդ որում տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում ուղևորության և թռիչքի արժեքը վճարելուց: