2015թ. հուլիսի 24-ին շարունակվեց Հոռոմի խաչմերուկի ավտովթարի գործով դատական նիստը:
Հիշեցնենք` վթարը տեղի էր ունեցել 2014թ. նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում, իրար էին բախվել Մանվել Վարդանյանին ամրակցված «Կամազ-53202» մակնիշի բեռնատար ավտոմեքենա և «Գազ-32213»-ը: Արդյունքում՝ Գազելը հրդեհվել է վարորդն ու 6 ուղևորները մահացել են: Մեղադրանք է առաջադրվել Մանվել Վարդանյանի նկատմամբ:
Նիստը բացվելուց հետո ամբաստանյալ Մանվել Վարդանյանի պաշտպան Լիանա Բալյանը ներկայացրեց միջնորդություն «Կրկնակի համալիր փորձաքննություն նշանակելու մասին»:
Ըստ փաստաբանի` Որպես հիմք նշվել է, որ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հիմք հանդիսացած նախաքննության ընթացքում տված Մ. Վարդանյանի ցուցմունքը, և փորձագետի եզրակացությունները տրված են թերի:
Ի լրումն ներկայացված միջնորդության պաշտպանի կողմից ներկայացվեցին դեպքի վայրում «Կանգ» նշանի նախկին և ներկա դիրքերը՝ /10մ առաջ է տեղադրված/ վկայող լուսանկարներ՝ արված դեպքի օրը և դեպքից հետո: Այդ հիմքով էլ պաշտպանը միջնորդեց նշանակել դատաավտոտեխնիկական, քիմիական, հրեդեհատեխնիկական և ապրանքագիտական կրկնակի համալիր փորձաքննություն ու այն հանձնարարել «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ին: Դատարանը քննությունից հետո որոշեց միջնորդությունը մերժել:
Հաջորդ միջնորդությունը վերաբերում էր տուժող՝ Հասմիկ Հովհաննիսյանի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքին, որը գրի էր առել քննիչը, քանի որ Հ. Հովհաննիսյանը գտնվելիս է եղել վերակենդանացման բաժանմունքում: Պաշտպանն իր միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ Հ. Հովհաննիսյանի ցուցմունքը էականորեն հակասում է մյուս տուժողների ցուցմունքներին: Չնայած Հ. Հովհաննիսյանն ուներ լիազոր ներկայացուցիչ՝ փաստաբան Ռ. Մովսիսյանը, սակայն վերջինս դիմում էր տվել նիստն իր բացակայությամբ անցկացնելու վերաբերյալ ու ներկա չէր միջնորդության քննարկմանը: Պետմեղադրողն առարկեց միջնորդությանը ու այն անտրամաբանական համարեց: Դատարանն այս միջնորդությունը ևս մերժեց:
Պաշտպան Լ. Բալյանը հայտարարությամբ հանդես եկավ ու նշեց, որ անհիմնէ համարում պետմեղադրողի պատճառաբանություններն ու առարկությունները: Եվս մեկ անգամ շոշափվեց պետմեղադրողի առանց պատշաճ համազգեստի դատարան ներկայանալու փաստը. «Հարգելի դատարան, դա համարում եմ անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ, քանի որ դատարանը պատշաճ համազգեստով է, իսկ պետմեղադրողը՝ ոչ»,- հավելեց պաշտպանը:
Երրորդ միջնորդությունը վերաբերում էր վկաներ՝ Ա. Ասատրյանի («Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ի մեխանիկի), Ս. Հակոբյանի (միկրոավտոբուսի ուղևորի) և Ա. Դանիելյանի («Կամազ»-ի բանվորի) ցուցմունքները ապացույցների շարքից հանելուն և անթույլատրելի ճանաչելուն, սակայն այս միջնորդությունը ևս մերժվեց:
Այնուհետև, Դատարանն անցավ ներկայացված քաղ. հայցերի քննությանը: Առաջինը ներկայացվեց «Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված քաղհայցը, որը կազմում էր ավելի քան 4.000.000 ՀՀ դրամ: Այն ներկայացված էր հանցագործությամբ «Գազել» միկրոավտոբուսին պատճառված վնասը և բաց թողնված օգուտների հանրագումարի տեսքով: Ամբաստանյալ Մ. Վարդանյանն ու նրա պաշտպան Լ. Բալյանը չընդունեցին ամբողջությամբ՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Մյուս տուժողներից՝ Մ. Չախոյանի, Հ. Հովհաննիսյանի հայցերով որպես համապատասխանող ներգրավվել էր նաև «Իմեքս Գրուպ» ՍՊԸ -ն, որտեղ աշխատել էր ամբաստանյալ Մ. Վարդանյանը: Դատարանը որոշում կայացրել որպես քաղ. պատասխանող ներգրավել «Իմեքս Գրուպ» ՍՊԸ-ին: «Իմեքս Գրուպ» ՍՊԸ-ն քաղ. հայցերով ներկայացրել էր հայցադիմումի պատասախաններ այն հիմնավորմամբ, որ «Կամազ» մակնիշի ավտոմեքենան եղել է ապահովագրված ու փոխհատուցման պարագայում ապահովագրական ընկերությունն է հոգալու ծախսերը: Ինչ վերաբերում է Հ. Հովհաննիսյանի հայցին, ապա այն անհիմն է, չեն ներկայացվել ապացույցներ, իսկ Մ. Չախոյանին որպես տուժողի օրինական ներկայացուցչին արդեն իսկ վճարել են 300.000 ՀՀ դրամ գումար:
Լսելով կողմերին՝ Դատարանն ավարտեց դատաքննությունը ու անցավ դատական վիճաբանությունների փուլին: Ի դեպ, Գուրգեն Թումանյան, ում հայրն է մահացել վթարի արդյունքում, գազելի վարորդի աղջկան` Հասմիկ Մկրչյանին խնդրեց փոխել մոտեցումը, նա ասաց. «Արի մեղմ մոտենանք ամբաստանյալին, նրա խնամքի տակ անչափահաս երեխա կա»:
Կողմերը միջնորդեցին հետաձգել դատական նիստը պատրաստվելու համար: Հերթական դատական նիստը նշանակվեց 2015թ. օգոստոսի 04-ին: