2015 թվականի հուլիսի 15-ին հրապարակված ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը նախատեսում է գործող Սահմանադրության համեմատությամբ էականորեն տարբերվող չափանիշներ, որոնք պետք է բավարարի հանրապետության նախագահի թեկնածուն:
Այսպես, հրապարակված Սահմանադրության նախագծի 124-րդ հոդվածի համաձայն նախագահն ընտրվելու է ոչ թե հինգ, այլ յոթ տարի ժամկետով:
Բացի այդ, եթե գործող Սահմանադրությամբ նախագահի նվազագույն տարիքային շեմ է սահմանված 35-ը, ապա նոր նախագիծը բարձրացնում է այդ շեմը՝ հասցնելով 40-ի:
Գործող Սահմանադրության համաձայն նախագահի թեկնածու կարող է լինել վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Նախագիծը այս պահանջի մասով իջեցրել է շեմը՝ նախատեսելով, որ նախագահի թեկնածուն պետք է առնվազն վերջին յոթ տարում լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Այսինքն, նախագծի ընդունվելու դեպքում Հանրապետության նախագահի թեկնածու լինել չի կարողանա երկքաղաքացիություն ունեցող անձը:
Ինչպես նաև, եթե գործող Սահմանադրության համաձայն նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում, ապա նախագծի համաձայն նույն անձը հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:
Հավելենք, որ Սահմանադրության նախագծում տառացիորեն ամրագրվել է. «Հանրապետության նախագահը չի կարող զբաղվեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական և ստեղծագործական աշխատանքից: Հանրապետության նախագահը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»:
Ծանոթություն: Հրապարակված Սահմանադրության նախագծի իրավակարգավորումները նախնական են և կարող են փոփոխվել մինչև նախագծի վերջնական տարբերակի ներկայացումը: