Այսօր կառավարության նիստի ողջ ընթացքում գործադիրի շենքի դիմաց էին հավաքվել 33-րդ թաղամասի նախկին բնակիչները, որոնց տները մի քանի տարի առաջ օտարվել էին՝ ճանաչվելով հանրային գերակա շահ:
Նրանք տեսակցություն էին պահանջում վարչապետի հետ. «Մեր տները վերցրել են, կենտրոնի տները քանդել են, տեղը ոչ մի բան չեն թողել, 8 տարի առաջ է եղել»,- ասաց նրանցից Թամարա Հակոբյանը:
Տեսնելով, որ կառավարությունից ոչ ոք նրանց բողոքներին չի արձագանքում՝ քաղաքացիները փակեցին Տիգրան Մեծ և Ամիրյան փողոցների խաչմերուկը՝ մի քանի րոպեով կաթվածահար անելով երթևեկությունը:
Ոստիկանները՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարությամբ բացեցին երթևեկելի հատվածը՝ խոստանալով աջակցել ցուցարարներին:
Վալերի Օսիպյանը անգամ վիճաբանության մեջ մտավ Կառավարության աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ, Օսիպյանը նրան հորդորում էր հանդիպում կազմակերպել քաղաքացիների և կառավարության համապատասխան ներկայացուցչի հետ:
Փողոցը փակելուց հետո կին ցուցարարներից մեկը վազքով գնացե դեպի կառավարության շենքի դռները, նա ցանկանում էր մտնել ներս և բարձրանալ վարչապետի մոտ, ոստիկանները կանխեցին նրա գործողությունները:
Տեսանյութը՝ քիչ ուշ