Վերջին տաս օրերի ընթացքում անկախության սերունդը անշրջելիորեն փոխեց հասարակական հարաբերությունների և պայքարի տրամաբանությունը Հայաստանում: Երիտասարդները այլևս ամրագրեցին, թե ով է իրական տերը երկրում, ինչպիսի երկիր են ցանկանում ունենալ երկրի իսկական տերերը: Տրամաբանությունը պարզ է. երկիր, որի կենտրոնում մարդն է` իր իրավունքներով և արժանապատվությամբ, երկիր, որը մրցունակ է տարածաշրջանում և աշխարհում, երկիր, որտեղ հասարակությունը անհանդուրժողականությամբ, քամահրանքով և ատելությամբ է վերաբերվում կոռուպցիային, երկիր, որտեղ հիմնական արժեքներն են. արդարությունը, օրենքի գերակայությունը, բարեխղճությունը, ազնվությունը, հոգևոր հարստությունը և մի շարք այլ կարևոր արժեքներ:
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը սոցիալական բունտ չէ, այն աղքատների պայքար չէ հարուստների դեմ: Այս պայքարը արդարության համար մղվող պայքար է, կոռումպացված համակարգը կոտրելու և օրինական համակարգը վերականգնելու պայքար է, արդյունավետ կառավարման ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծելու պայքար է, օրենքի գերակայությունը հաստատելու պայքար է:
Իշխանությունների արձագանքը ադեկվատ չէ ստեղծված իրավիճակին. երկրի իրական տերերին դժվար է համոզել ժամանակավոր, պահի լուծմանն և քաղաքացիների գրպանին միտված, ինչպես նաև ուժային լուծումներ պարտադրող մոտեցումներով:
Իշխանություններ անելիքն է. անհապաղ իրական ինստիտուցիոնալ բարեփոխումներ նախաձեռնել հասարակական հարբերությունները կարգավորող մի շարք բնագավառներում. հանրային ծառայությունների մատուցման, դատաիրավական համակարգ, իրավապահ մարմիններ, ստեղծել անկախ և մասնագիտացված հակակոռուպցիոն մարմին` դրան օժտելով նաև հետաքննություն և նախաքննություն իրականացնելու լիազորություններով: Այս լուծումները հնարավորություն կտան կարճ ժամկետում վերականգնել հասարակության խաթարված վստահությունն ու հավատը` ներգրավելով երկրի իրական տերերին երկրի կառավարման կարևորագույն գործառույթներում, միաժամանակ այդ համակարգերից արագորեն դուրս մղելով կոռումպացված պաշտոնյաններին ու չինովնիկներին:
Այլընտրանք չկա. գնդակը իշխանությունների խաղադաշտում է: Քաղաքացիական հասարակությունը սպասում և ինքնակազմակերպվում է: Այն ինչ չի անի կամ կհապաղի անել իշխանությունը. դա արագ կարվի քաղաքացիական հասարակության կողմից: Պետք է հաշվի առնել, որ բումերանգի օրենքը դեռևս անխափան գործում է, իսկ բումերանգը միշտ հետ վերադառնալու հատկություն ունի:
Կարեն Զադոյան