Այսօր վաղ լուսադեմին, ժամը 5:20-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի վրա ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ի հեճուկս «Հավաքների ազատության» մասին ՀՀ օրենքի պահանջների, ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառեցին խաղաղ նստացույց իրականացնող քաղաքացիների նկատմամբ:
Մասնավորապես, հավաքի մասնակիցների դեմ կիրառվեց ջրցան մեքենա և մահակներ: Անգամ հավաքը ցրվելուց հետո ոստիկանները (ովքեր, հիմնականում, քաղաքացական հագուստով էին) հետապնդեցին ցուցարարներին և ոստիկանության տարածքային բաժիններ տարան բոլոր նրանց, ովքեր չհասցրեցին փախչել: «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» տեղեկություններով բաժիններ է տարվել ավելի քան 200 քաղաքացիներ, ինչի արդյունքում լցված են Երևան քաղաքի ոստիկանության բոլոր ստորաբաժանումները և քաղաքացիների մի մասը տեղափոխված է ոստիկանության Աբովյանի և Աշտարակի բաժիններ:
Բաժին տարվածների թվում են նաև ՀԵՏՔ-ի, Գալա Հեռուստաընկերության, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, news.am-ի և panarmenian.net-ի լրագրողները: Առկա են մի քանի տասնյակ ահազանգ այն մասին, որ ոստիկանության ճանապարհին քաղաքացիների (այդ թվում՝ որոշ լրագրողների) նկատմամբ բռնություններ է կիրառվել: Ստացվում են ահազանգեր այն մասին, որ ոստիկանության աշխատակիցները գործողության ժամանակ միտումնավոր ոչնչացնում էին լրագրողների տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերը ու դրանց հիշողության չիպերը: Բազմաթիվ քաղաքացիներ էական վնասվածքներ են ստացել, ոմանք այս պահին գտնվում են հիվանդանոցներում:
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»