45-ամյա  տղամարդը մեղադրվում է Եհովայի վկա հարևանին ծեծելու համար

45-ամյա Կարեն Ավետիսյանը մեղադրվում է հարևանուհուն ծեծելու և նրան մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Համաձայն գործի նյութերի` Կարեն Ավետիսյանը հիմնական աշխատանք չի ունեցել, զբաղվել է պատվերով վերանորոգման աշխատանքներ կատարելով, մասնավորապես` մանրահատակի ձևավորմամբ: Գործով նա 2013 թվականի հուլիսի 22-ին իր աշխատանքի համար գնացել  Գ. Նժդեհի փողոցում գտնվող շինանյութի խանութ, որտեղից դուրս գալուց հետո զուգարանի կարիք է ունեցել:

Սակայն տարածքում այլ ծանոթներ չունենալու պատճառով գնացել է տուժող Ռիմայի բնակարան: Ամոթից նրան ստել է` ասելով, որ սպասում է իրենց ընդհանուր ծանոթ Արմենին, որպեսզի վերջինս բնակարանից վերցնի իր գործիքները: Հավատալով Կարենին, Ռիման նրան ներս է հրավիրել, ամբաստնյալն օգտվել է զուգարանից, Ռիման նրան սուրճ է հյուրասիրել, ընթացքում զրուցել են տուժողի բնակարանի վերանորոգման աշխատանքներից, հետո նաև Եհովայի վկաներից, դիտել են նրանց վերաբերյալ լազերային սկավառակ, քանի որ տուժողը նույնպես Եհովայի վկա է:

 Անցել է շուրջ 2.5 ժամ և այդ ընթացքում տուժողի պահանջով Կ. Ավետիսյանը մի քանի անգամ ձևացրել է, թե զանգահարում է Արմենին և յուրաքանչյուր անգամ զանգահարելիս, ասել է, որ Արմենն արդեն հասնում է: Տեսնելով, որ Արմենն այդպես էլ չի գալիս` Ռիման ամբաստանյալից հարցրել է Արմենի հեռախոսահամարը, սակայն Կարենը չի ունեցել Արմենի հեռախոսահամարը  և սխալ հեռախոսահամար է տվել: Ռիման զանգահարելուց հետո տեսնելով, որ սխալ համար է,  Կարենին ասել է, թե կզանգի Արմենի մորը:

Այդ ընթացքում վրդովված լինելով հայ առաքելական եկեղեցու մասին տուժողի մեկնաբանություններից`  Կարենը վեր է կացել, անսպասելի շրջվել է Ռիմայի թիկունքի կողմը և գրպանից հանելով մշտապես իր մոտ գտնվող, աշխատանքների ընթացքում օգտագործվող մալուխը` գցել է այն տուժողի պարանոցին և ուժգին հրելով նրան գցել հատակին, որից հետո տուժող Ռիման բարձրաձայն բղավել է, իսկ Կ. Ավետիսյանը նրա ձայնը կտրելու նպատակով ձեռքերով և ոտքերով, առանձին դաժանությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին:

Սսակայն, տեսնելով, որ վերջինս ձայնը չի կտրում` գնացել է խոհանոց, այնտեղից վերցրել դանակ` Ռիմային վախեցնելու համար: Խոհանոցից վերադառնալով տեսել է, որ Ռիման մոտեցել է մուտքի դռանը և շարունակում է բղավել: Կարենը դանակի բռնակով հարվածել է Ռիմայի քունքային շրջանում, որից հետո դեն է նետել այն և հրելով ու մի կողմ գցելով Ռիմային դիմել է փախուստի:

Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ: Դատարանը ամբաստնյալիւն դատապարտել է 3 տարվա ազատազրկման, սակայն կիրառելով Քրեական դատավարության 70-րդ հոդվածը` նրա պատիժը սահմանվել է պայմանական և փորձաշրջան նշանակվել 1.5 տարի ժամկետով:

Դատավճում նշվում  է նար, որ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ ամբաստանյալը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, խնամքին են գտնվում մինչև տասնչորս տարեկան երկու երեխաները, տալով խոստովանական ցուցմունքներ` անկեղծորեն զղջացել է կատարածի համար, մեղայականով ներկայացել է նախաքննության մարմնին, 200.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցել է տուժողին պատճառված հնարավոր վնասի ծախսերը:

Սակայն մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը մասնակի բավարարվել է, դատավճիռը բեկանվել է և ուղարկվել առաջին ատյանի դատարան` նոր քննության: Այժմ գործը մակագրված է նույն դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին:

Հ.Գ. Տուժողի անունը փոխված է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել