7 անձի մահվան պատճառ դարձած վթարի գործով հարցաքննություններ եղան դատարանում

Այսօր՝ մայիսի 25-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր «Կամազի» գործով հերթական դատական նիստը: Նախորդ դատական նիստն ավարտվել էր տուժողներից մի քանիսի հարցաքննությամբ:

Այսօրվա նշանակված նիստին ևս որոշ տուժողներ ու տուժողների իրավահաջորդներ, ինչպես նաև վկաները չէին ներկայացել: Չէր ներկայացել նաև քաղ. հայցվորի ներկայացուցիչը՝ հիվանդության պատճառով:

Այսօր գործով հարցաքննվեց տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մկրտչյանը, ով հանդիսանում է «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռազմիկ Մկրտչյանի դուստրը: Վերջինս նշեց, որ հայրը «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ-ում սկսել է աշխատել 2002-2003թթ.-ից: Նույն օրը վերջին անգամ հոր հետ խոսել է ժամը 17:15-ի սահմաններում: Արդեն երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում հոր հեռախոսահամարը եղել է անհասանելի: Այնուհետև, հորը փնտրել է հիվանդանոցում վիրավորների մեջ, դրանից հետո միայն տեղեկացել է, որ նա կենդանի չէ: Փաստաբան Լիանա Բալյանի հետաքրքրվեց, թե ի՞նչ է տեղյակ Հասմիկ Մկրտչյանը այն հանգամանքի վերաբերյալ, որ որ ըստ ստացված փորձագիտական եզրակացության «Գազել» մակնիշի ավտոմեքնան ունեցել է 80-90կմ/ժ արագություն, անիվները եղել են մաշված, մաշված են եղել նաև արգելակները, մեքենայի մեջ սահմանվածից ավելի ուղևորներ են եղել, Հ. Մկրտչյանը հստակ պատասխան տալ չկարողացավ:

Հաջորդ տուժողի իրավահաջորդ Գուրգեն Թումանյանը դատարանին հայտնեց, որ նույն օրը երեկոյան ուշ ժամի տեղեկացել է դեպքի մասին, որից հետո հիվանդանոցում փնտրել է հորը: Հաջորդ օրը պաթոլոգանատոմիական լաբորատորիայում գտել է հոր դիակի մասերը: Բացի այդ նաև հայտնեց, որ մինչ այս պահը տեղեկացել է, որ և՛ «Գազել» մակնիշի և՛ «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները ընթացել են սահմանվածից արագ, վերջիններիս լույսերը անջատված են եղել, որի պատճառով էլ բախվել են:

Քանի որ դատական նիստին հարցաքննվող մյուս տուժողների իրավահաջորդները չէին ներկայացել դատարանը որոշեց նշանակված դատական նիստը հետաձգել և հերթական նիստ նշանակեց 2015թ. հունիսի 05-ին ժամը 12:00-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել