Չորեքշաբթի օրը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական, դեմոկրատ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների Պալատում կարդացել է Հայոց Ցեղասպանության ժամանակ սպանված 1000 հայի անուն:
Յուրաքանչյուր անունը կարդալու հետ մեկտեղ Շիֆը տեղադրել է այն Twitter-ում #NeverForget1915 հեշթեգով (hashtag)` վկայակոչելով Օսմանյան թուրքերի ձեռքերով սպանված 1.5մլն հայերի մահվան 100-ամյա տարելիցը:
Անունների ընթերցման նախորդ օրը Սպիտակ Տունը հաստատել էր, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ արվող հայտարարության մեջ նախագահ Օբաման չի օգտագործելու «ցեղասպանություն» բառը:
«Մեկ ժամվա ընթացքում ես կարող էի կարդալ Հայոց Ցեղասպանության զոհերից ընդհամենը մի փոքր մասի անունը».- հայտարարության մեջ նշել է Շիֆֆը. «Մի քանի շաբաթ կպահանջվեր ավելի քան 1.5մլն սպանվածների անունները կարդալու համար: Հուսամ զոհերի անունների արտասանությունը կօգնի ուշադրություն հրավիրել հանցագործության կարևորության վրա: Ի տարբերություն թվի` անունը վերացական չէ. նրանցից յուրաքանչյուրը որդի կամ դուստր էր, մայր կամ հայր, տատիկ կամ պապիկ, հորաքույր կամ քեռի: Ամեն մեկը մի թանկարժեք կյանք էր»:
Պատրաստեց` Լիլիթ Խառատյանը