Հայոց ցեղասպանության թանագարն-ինստիտուտի կայքում հրապարակված են մի շարք փաստաթղթեր, որոնք ապացույցներ են Ցեղասպանության մասին: Ներկայացնում ենք անգլիական արխիվային նյութերից հատվածներ:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1915Թ. ՄԱՅԻՍԻ 24
Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի քուրդ և թուրք բնակչությունը ներգրավված է եղել հայերի կոտորածներում Օսմանյան իշխանությունների թողտվությամբ և հաճախ նաև օգնությամբ: Ապրիլի կեսերին նման կոտորածներ են տեղի ունեցել Էրզրումում, Դերջանում, Էգինում, Բիթլիսում, Սասունում, Մուշում, Զեյթունում և ողջ Կիլիկիայում: Վանի շրջակա շուրջ 100 գյուղերի բնակիչներ սպանվել են: Քաղաքի հայկական թաղամասը պաշարված է քրդերի կողմից: Միևնույն ժամանակ Կ.Պոլսում Օսմանյան կառավարությունն իր կատաղությունն է թափում անպաշտպան հայ բնակչության վրա: Հաշվի առնելով Թուրքիայի կողմից իրականացված այս նոր հանցագործությունները` դաշնակից կառավարությունները հրապարակայնորեն հայտարարում են Բ. Դռանը, որ պատասխանատվության են ենթարկելու ինչպես Օսմանյան կառավարության բոլոր անդամներին, այնպես էլ նրա այն գործակալներին, ովքեր ներգրավված են հայերի կոտորածներում:
ՀԱՏՎԱԾ ԼՈՐԴ ՋԵՅՄՍ ԲՐԱՅՍԻ` ԼՈՐԴԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ 1915Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ՈՒՆԵՑԱԾ ԵԼՈՒՅԹԻՑ
Ես ցավում եմ, բայց պետք է ասեմ, որ շատ վայրերից ինձ հասած տեղեկությունը վկայում է այն մասին, որ մայիս ամսից ի վեր սպանվածների 800000 թիվը, որ ազնվազարմ կոմսը անհավանական է համարում, ցավոք, բավականին հավանական թիվ է: Եվ դա այդպես է, որովհետև ձեռնարկված միջոցառումները հիմնովին կանխամտածված և համակարգված են: Կոտորածներն այն քաղաքականության արդյունք են, որը, ինչքան որ հնարավոր է պարզել, որոշակի ժամանակահատված մշակվել է այն ավազակախմբի կողմից, որն այսօր վերահսկում է կայսրության կառավարությունը:
ՀԱՏՎԱԾ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԼՈՐԴ ՌՈԲԵՐՏ ՍԵՍԻԼԻ` ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ 1915Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՈՒՆԵՑԱԾ ԵԼՈՒՅԹԻՑ
Ես կարծում եմ` առանց որևէ չափազանցության կարելի է ասել, որ մարդկության պատմության ընթացքում ավելի սարսափելի ոճրագործություն չի իրականացվել…: Սա կանխամտածված և վաղուց որոշված ոճրագործություն է…: Սա Թուրքիան հայերից մաքրելու և նրանց գոյությանը վերջ տալու կանխամտածված և երկար մշակված քաղաքականություն է: Այն իրականացվում է համակարգված կերպով և հրամանները գալիս էին վերևից…: