Մարսելի դատախազի կարծիքով Airbus A320-ի օդաչուն միտումնավոր է ցանկացել կործանել ինքնաթիռը

Ֆրանսիական Ալպերում կործանված Germanwings ավիաընկերության օդանավը, ըստ երևույթին, միտումնավոր կործանել է երկրորդ օդաչուն: The New York Times-ի փոխանցմամբ` այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը՝ «սև արկղերից» ստացված տվյալների արդյունքներով:

Օդաչուն, ով միայնակ վերահսկել է Airbus A320-ն օդաչուների խցիկից օդանավի հրամանատարի դուրս գալուց հետո, հրաժարվել է բացել դուռը և սեղմել է կոճակը, որի պատճառով ինքնաթիռը սկսել է կտրուկ վար իջնել և ի վերջո կործանվել է: Օդաչուն ողջ է եղել մինչև վերջին պահը:

«Մտադրությունը եղել է կործանել այդ օդանավը»,- ասել է Մարսելի դատախազը: Նա նաև հայտնել է, որ 28-ամյա օդաչուն ազգությամբ գերմանացի է եղել, անունը՝ Անդրեաս Լուբից: Նրա մասին որպես ահաբեկիչ հայտնի չի եղել: Այն հարցին, թե արդյոք օդաչուն փորձել է ինքնասպան լինել, դատախազը միանշանակ պատասխան չի տվել:

Դատախազը նշել է, որ հրամանատարի հեռանալուց հետո խցիկում վերջին 10 րոպեների ընթացքում կատարյալ լռություն է տիրել: Չնայած այն հանգամանքին, որ հրամանատարը ծեծել է դուռը, երկրորդ օդաչուն ոչ մի կերպ չի արձագանքել:

Ռոբենը նշել է, որ տվյալներ չկան այն մասին, որ դա ահաբեկչական գործողություն է եղել:

Պատրաստեց Աշխեն Ներսիսյանը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել