Ինչպե՞ս ստանալ անվճար բժշկական օգնություն

Առողջապահության նախարարի N 57-Ն հրամանով 28 սեպտեմբերի 2013 թ. հաստատվել է պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշիչը և նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների տրամադրման ցանկը:

Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայությունները տրամադրվում են վճարովի հիմունքներով բնակչության բոլոր խմբերի համար, սահմանված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Սակայն այս հրամանով սահմանված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայությունները կարող են իրականացվել պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առողջապահության նախարարի հրամանով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում` ՀՀ ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված ծառայությունների փոխհատուցման գներով: Իսկ 0-7 տարեկան, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 7-18 տարեկան երեխաների բժշկական օգնությունը և սպասարկումն ամբողջությամբ իրականացվում է անվճար` պետական պատվերի շրջանակներում: Նախատեսված դեպքերում էլ հղիների, ծննդաբերների և ծննդկանների (հետծննդյան 42 օրերի ընթացքում) բժշկական օգնությունը և սպասարկումն ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակներում անվճար` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի հիման վրա:

Առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների ցանկը: Ցանկում նշված են այնպիսի բժշկական ծառայություններ ինչպիսիք են սրտի վիրահատություններ, օրգանների փոխպատվաստում արհեստական օրգանների և հյուսվածքների պատվաստում, սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիա, սկլեռոպլաստիկա, աչքի պրոթեզավորման համար անհրաժեշտ ակնակապիճի պլաստիկա, պլաստիկ վիրահատություններ, սկոլիոզի և ողնաշարի այլ ձևախեղումների վիրահատություններ, ձայնալարի պրոթեզի կիրառում` կոկորդի չարորակ նորագոյացության դեպքում: Բժշկական ծառայությունների ցանկը, իհարկե, սպառիչ չէ և այս հրամանին ավելի լավ ծանոթանալու համար կարող եք ընթերցել Առողջապահության նախարարի N 57-Ն հրամանը (28 սեպտեմբերի 2013 թ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել