ՀՀ գործող քրեական օրենսգրքի 109 հոդվածը անզգուշությամբ մահ պատճառելը սպանություն չի համարում: Որպես սպանություն որակվում են միայն 104-108-րդ հոդվածներով նախատեսված արարքները: Բանն այն է, որ սպանությունն ու անզգուշությամբ մահ պատճառելը տարբեր որակներով օժտված հասկացություններ են և նրանց հիմնական տարբերությունը կայանում է հենց հանցավորի դիտավորության մեջ, որը սպանության դեպքում ընդգրկում է տուժողին կյանքից զրկելու նպատակը, իսկ անզգուշությամբ մահ պատճառելու դեպքում ոչ: Բացի այդ, մեծ թվով պետություններում սպանություններն ու անզգուշությամբ մահ պատճառելու դեպքերն օրենսդրորեն հստակ սահմանազատված են:
Եվ որպես կարևոր տարբերիչ հատկանիշ կարելի է նշել, որ սպանության սուբյեկտ կարող է լինլ յուրաքանչյուր 14, իսկ տվյալ հանրորեն վտանգավոր հանցագործության՝ 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական անձը:
Ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի 28-րդ հոդվածի երկրորդ մասի՝ անզգուշությամբ կատարված արարքը հանցագործություն է, եթե դա հատկապես նախատեսված է սույն օրենսգրքի Հատուկ մասով:
Անզգուշությամբ մահ պատճառելը միշտ հանցավորի կոպիտ անկարգապահության, անուշադրության, անշրջահայացության արդյունք է: Եվ չնայած դիտավորյալ սպանությունների համեմատ քննարկվող հանցագործության հանրային վտանգավորության աստիճանն ավելի ցածր է, դա ամենևին չի նշանակում, որ վերջինիս հետևանքներն էլ միշտ նվազ վտանգավոր են: Ավելին, ներկայիս գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում անզգույշ հանցագործությունների աճի ակնհայտ միտումներ են նկատվում: Ուստի չի կարելի թերագնահատել հանրության համար դրանց վտանգավորությունը, որոնք կապված են մարդուն կյանքից զրկելու հետ:
Վերոհիշյալ հանցագործության օբյեկտիվ կողմն արտահայտվում է հանցավորի որոշակի այնպիսի գործողության կամ անգործության մեջ, որով խախտվում են մարդու կյանքի անվտանգությունն ապահովող հասարակական հարաբերությունները, ինչի արդյունքում էլ մեկ ուրիշին մահ է պատճառվում: Ընդ որում, տուժողի մահը տվյալ դեպքում պետք է պատճառական կապի մեջ գտնվի հանցավորի արարքի հետ:
Սուբյեկտիվ կողմից անզգուշությամբ մահ պատճառելը կարող է դրսևորվել թե’ ինքնավստահությամբ և թե’ անփութությամբ: Այսինքն քրեական օրենսգրքի 109-ով նախատեսված հանցագործության համար պատասխանատվությունը վրա է հասնում այն դեպքերում, երբ արարքը կատարողը՝
1 նախատեսել է իր գործողությունների հետևանքով մեկ ուրիշին մահ պատճառելու հնարավորությունը, բայց առանց բավարար հիմքերի՝ թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու այն (հանցավոր ինքնավստահություն):
2 չի նախատեսել նման հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դա ( հանցավոր անփութություն):
Կարևոր է նշել նաև այն հանգամանքը, որ բավականին տարածված է անզգուշությամբ մահ պատճառելը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում: Տվյալ դեպքում արարքը չի որակվում որպես անզգուշությամբ մահ պատճառել, այն ամբողջովին ընդգրկում է ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասը՝ անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
Անզգուշությամբ մահ պատճառելու հանցակազմի բնութագրիչ հատկանիշն է անզգուշությունը: Հետևաբար այն մահը, որն առաջացել է դիտավորյալ գործողությունների՝ մեղքի դիտավորյալ ձևի առկայության դեպքում, ապա արդյունքը ընդգրկում է ոչ թե 109, այլ 112- րդ հոդվածի երկրորդ մասի տասնչորսերորդ կետը` անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը, որն ազգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։
ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի անդամ՝ Առնոլդ Վարդանյան