Որդեգրումը իրավաբանական այն ակտն է, որի համաձայն որդեգրողները և որդեգրվածները ձեռք են բերում ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ և պարտականություններ:
Որդեգրումը համարվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման նախապատվելի ձևը:
Որդեգրում թույլատրվում է միայն երեխաների նկատմամբ և ելնելով նրանց շահերից, ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ երեխային տեղավորելիս պետք է հաշվի առնվեն և պահպանվեն նրա էթնիկական ծագումը, որոշակի կրոնական ու մշակութային պատկանելությունը, մայրենի լեզուն, դաստիարակության ու կրթության գործում հաջորդականություն ապահովելու հնարավորությունները : Ինչպես նաև պետք է հաշվի առնվեն երեխաների լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացումն ապահովելու հնարավորությունները:
Չի թույլատրվում եղբայրների ու քույրերի որդեգրումը տարբեր անձանց կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ որդեգրումը ելնում է երեխաների շահերից:
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաների որդեգրումը թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ հնարավորություն չկա այդ երեխաներին Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքում դաստիարակության հանձնելու կամ երեխաներին իրենց ազգականների կողմից որդեգրելու: Օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ տրամադրվում են նշված երեխաներին կենտրոնացված հաշվառման վերցնելուց երեք ամիս հետո: