Ինչպե՞ս վարվել, եթե Ձեր հարազատը անհայտ կորել է և լուր չունեք նրանից

Մեր օրերում շատ ենք ականատես լինում այնպիսի դեպքերի, երբ անձը տանից դուրս է գալիս և չի վերադառնում: Ինչպե՞ս վարվել , երբ անցնում է 1 տարի և նրանից շարունակում եք տեղեկություն չունենալ: Տվյալ անձին պետք է քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով անհայտ բացակայող ճանաչել:

Շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին:

Բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրը որոշելու անհնարինության դեպքում անհայտ բացակայող ճանաչելու համար ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում այն ամսին հաջորդող ամսվա մեկը, երբ ստացված են եղել բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունները, իսկ եթե հնարավոր չէ որոշել այդ ամիսը, ապա` հաջորդ տարվա հունվարի մեկը:

Այստեղից հարց է ծագում, իսկ որո՞նք են քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու հետևանքները:

Անհայտ բացակայող ճանաչված քաղաքացու գույքի մշտական կառավարման անհրաժեշտության դեպքում, նրա գույքը դատարանի վճռի հիման վրա տրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի նշանակած անձին, որը գործում է այդ մարմնի հետ կնքած հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա:

Անհայտ բացակայող ճանաչված անձի գույքի կառավարիչը բացակայող անձի գույքի հաշվին մարում է նրա պարտքերը, գույքը կառավարում է ի շահ այդ անձի, ապրուստի միջոցներ է տրամադրում այն քաղաքացիներին, որոնց պարտավոր էր պահել անհայտ բացակայողը:
Խնամակալության և հոգաբարձության մարմինն անհրաժեշտության դեպքում կարող է բացակայող քաղաքացու գտնվելու վայրի մասին վերջին տեղեկություններ ստանալու օրվանից մինչև մեկ տարին լրանալը, դատարանի վճռի հիման վրա, նրա գույքի կառավարիչ նշանակել:
Եթե կառավարիչ նշանակելու օրվանից երեք տարի անցնելուց հետո անձին անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը չի վերացվել, և դատարան դիմում չի ներկայացվել քաղաքացուն մահացած ճանաչելու մասին, խնամակալության ու հոգաբարձության մարմինը պարտավոր է դիմել դատարան` քաղաքացուն մահացած ճանաչելու համար:

Անձին անհայտ բացակայող ճանաչելու` սույն հոդվածով չնախատեսված հետևանքները սահմանվում են օրենքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել