Ստանալ թե՞ չստանալ բարոյական վնասի հատուցում. Իրավաբան

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում 2014 թվականի ապրիլի 19–ի Ազգային ժողովի կողմից ընդունած օրինագծի արդյունքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նախատեսվեց պատճառված բարոյական վնասի հատուցման իրավունքը։ Մասնավորապես այսուհետ` քաղ.օր 17–րդ հոդվածի համաձայն անձն ունի ոչ նյութական (այն է` բարոյական) վնասի հատուցման իրավունք։

ՀՀ քաղ. օր. ներմուծված 162.1 հոդվածի համաձայն` ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

Եթե դատական կարգով հաստատվել է, որ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով ֆիզիկական անձի նկատմամբ թույլ է տրվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 2–րդ` կյանքի, 3–րդ`անձեռնմխելիության կամ 5–րդ` ազատության իրավունքների խախտում, ապա այդ անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում՝ նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում:

Միևնույն ժամանակ, եթե դատապարտյալն արդարացվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 3 հոդվածով նախատեսված պայմաններում, այն է` փոխհատուցում սխալ դատապարտման համար, ապա նա իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում։

Բացի այդ ըստ քաղ. օր. 1087.2 հոդվածը նախատեսում է լրացուցիչ երաշխիքներ պատճառված ոչ նյութական վնասի դեպքում, մասնավորապես այն`

  • ենթակա է հատուցման` անկախ հատուցման ենթակա գույքային վնասից:
  • ենթակա է հատուցման` անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:
  • հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
  • հատուցելու չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան:
  • հատուցելու չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ:

Հատուցման չափը չի կարող գերազանցել`

1)      նվազագույն աշխատավարձի հազարապատիկը` կյանքի և անձեռնմխելիության իրավունքների խախտման պարագայում, ինչպես նաև ոչ արդարացի դատապարտման դեպքում։

2)      նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը` ազատության իրավունքի խախտման պարագայում:

Ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսած առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ:

Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը կարող է ներկայացվել կյանքի, ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի անդամ՝ Առնոլդ Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել