Կառավարությունը 1.5 միլիոն դրամից ավելի գումար նախորդ տարի ծախսել է տոնական բացիկներ գնելու համար, ևս այն դեպքում, երբ զարգացող աշխարհում ավելի կիրառական է դարձել շնորհավորանքները էլեկտրոնային բացիկներով փոխանցելը: Իսկ ինտերնետային կապի խնդիր, փառք Աստծո, վաղուց այլևս չկա:
Այսպիսով, Բնապահպանության նախարարությունը Ամանորի բացիկների համար ծախսել է 102 հազար դրամ: «ԴԵՎ» ընկերության հետ դեկտեմբերի 8-ին կնքված պայմանագրով 170 բացիկ է պատվիրել` բնապահպանության նախարարության տարբերանշանով և յուրաքանչյուրի գինը եղել է 600 դրամ:
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դեկտեմբերի 15-ին «Բագրիգ» ընկերությունից գնել է 300 հատ 500 դրամանոց բացիկներ` ընդհանուր առմամբ վճարելով 150 հազար դրամ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը «Գրաֆիկա-Ա» ընկերությանը պատվիրել է նախագծել և տպագրել 800 հատ` 600 դրամանոց բացիկ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 480 հազար դրամ:
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն 90 հազար դրամ է վճարել 150 հատ տոնական բացիկի համար, յուրաքանչյուրն արժեցել է 600 դրամ: Գնումը կատարվել է «Եվրոպրինտ» ընկերությունից:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը գնել է երկու տիպի բացիկներ` Սուրբ ծննդյան տոնի բացիկներ` 400 հատ, յուրաքանչյուրը` 460 դրամով, և Քաղծառայության խորհդի լոգոտիպերով բացիկներ` 100 հատ` յուրաքանչյուրը 500 դրամով: Ընդհանուր գումարը կազմել է` 234 հազար դրամ: Գնումը կատարվել է «Բագրիգ» ընկերությունից:
«Ամենաառատաձեռնը» եղել է Արարատի մարզպետարանը
Գերատեսչությունների կողմից գնված տոնական բացիկների մեկ հատի առավելագույն գինը եղել է 600 դրամ: Իսկ ահա Արարատի մարզպետարանը բացիկներ է գնել եռակի անգամ թանկ: Այսպիսով, դեկտեմբերի 2-ին մարզպետարանը առուվաճառքի պայմանագիր է կնքել «Էլեկտրիկ» ընկերության հետ, որի շրջանակներում գնել է 205 բացիկ, որոնցից 145-ը` յուրաքանչյուրը` 2500 դրամով, իսկ 60-ը` 2000 դրամով: Ընդհանուր գումարը կազմելէ 482 500 դրամ:
Երևանյան ամենաթանկ գրախանութներից մեկում բացիկի միջին գինը տատանվում է 500-600 դրամի սահմաններում, և 2000-2500 դրամանոց բացիկներն իսկապես թանկարժեք կարող են համարվել: Վերջերս նույնիսկ բարեգործական նպատակներով գնվում են մանկատների երեխաների ձեռքի աշխատանք-բացիկները, որոնք կարող են ավելի թանկ լինել: Սակայն ձեռագործ բացիկների միջին գինը տատանվում է 1500 դրամի սահմաններում:
Եվ եթե նկատի ենք ունենում նաև այն, որ մեծաքանակ գնումների դեպքում զեղչեր մշտապես արվում են, ապա նույնիսկ դժվար է դառնում պատկերացնելը, թե այդ ի~նչ որակի բացիկներ է գնել մարզպետարանը և ի~նչ պատվավոր անձանց է ուղարկել: Ու նույնիսկ վերոհիշյալ նախարարություններն անգամ այսպես «առատաձեռն» չեն եղել:
Աստղիկ Կարապետյան