Վարչապետի գլխավորած պատվիրակությունը այս տարվա հուլիսի 9-ին մեկօրյա այցով Մոսկվայում էր: Ինչպես մյուս բոլոր դեպքում, այս անգամ ևս պատվիրակությունը հուշանվերներով է գործուղման մեկնել: Գնվել է 6 հատ 10 տարվա հնեցման «Դվին» կոլեկցիան կոնյակներ, 24 հատ 20 տարվա հնեցման «Նաիրի» կոնյակներ, 10 տարվա հնեցման 12 հատ «Ախթամար» և 2 հատ 25 տարվա հնեցման «Էրեբունի» կոնյակներ: Այս ամբողջի համար «Ագուլիս Մեկ» ընկերությանը վճարվել է շուրջ 1.5 միլիոն դրամ: Գնման հիմքը վարչապետի 582-Ա որոշումն է, որով սահմանվել է պատվիրակության կազմն ու թե այցի շրջանակներում կատարվելիք ծախսերն ինչ աղբյուրներից պետք է լինեն: Իսկ «Արտէքսիմ» ընկերությունից գնվել է 2 հատ 30 տարվա հնեցման «Կիլիկիա» կոնյակներ, որոնց համար վճարվել է 400 հազար դրամ:
Անհատ ձեռներեց Էդիկ Սիմոնյանց էլ գնվել են 30 հատ նվերների փաթեթ՝ 210 գրամանով ստվարաթղթի վրա լամինացված մուգ կապույտ գույնով, երկկողմանի ոսկեզօծ ՀՀ կառավարության շենքի դաջումով, բռնակները՝ ոսկեզօծ թելերով: Փաթեթների համար վճարվել է 57 հազար դրամ:
Կառավարական պատվիրակությունը, Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, 2015 թվականի Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով 2015 թվականի հուլիսի 25-27-ը Վրաստանում է եղել: Այս անգամ նույնպես թանկարժեք խմիչքներ են գնվել «Ագուլիս Մեկ» և «Արտէքսիմ» ընկերություններից:
«Արտէքսիմ» ընկերությունից գնվել է 4 հատ 30 տարվա հնեցման «Կիլիկա» կոնյակ, որից յուրաքանչյուրի գինը եղել է 200 հազար 500 դրամև 1 հատ 40 տարվա հնեցման «Սպարապետ» կոնյակ, որի գինը եղել է 401 հազար դրամ: Ընկերությանը թանկարժեք կոնյակների համար վճարվել է ավելի քան 1.2 միլիոն դրամ: Իսկ «Ագուլիս Մեկ» ընկերությունից գնվել է տասը տարվա հնեցման 9 հատ «Դվին» և 12 հատ «Ախթամար» կոնյակ, և 20 տարվա հնեցման 24 հատ «Նաիրի» կոնյակ: Ընկերությանը վճարվել է 1 միլիոն 439 հազար դրամ: Այս գնումների հիմքը վարչապետի 658-Ա որոշումն է: Այսինքն, վրաստանյան այցի համար գնվել է 2 միլիոն 640 հազար դրամի կոնյակ:
Վարչապետի 803-Ա որոշմամբ, սեպտեմբերի 7-9-ը կառավարական պատվիրակությունը մեկնել է Բելառուս: Եվ այս դեպքում նույնպես հուշանվեր կոնյակները գնվել են միևնույն ընկերություններից: «Ագուլիս Մեկ» ընկերությանը վճարվել է 1 միլիոն 248 հազար դրամ՝ 20 տարվա հնեցման 18 շիշ «Նաիրի», 10 տարվա հնեցման 6 հատ «Դվին» և 24 հատ «Ախթամար» կոնյակներ գնելու համար:
Վարչապետի 837-Ա որոշմամբ, կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 21-24-ը եղել է Չինաստանում՝ «Համագործակցության նոր մոդել. Մետաքսի մեծ ճանապարհի երկրների համատեղ զարգացումը» խորագրով 6-րդ Եվրասիական տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Այս անգամ բացի խմիչքներից, գնվել են նաև գորգեր «Մեգերյան կարպետ» ընկերությունից: Ի դեպ, այս տարվա ընթացքում հուշանվեր գորգերը միշտ գնվել են այս նույն ընկերությունից:
Այս այցի շրջանակներում «Արտէքսիմ» ընկերությանը վճարվել 425 հազար դրամ՝ 6 հատ «Կարաս» գինի և 1 հատ 40 տարվա հնեցման «Սպարապետ» կոնյակի համար, «Ագուլիս Մեկ» ընկերությանը՝ 1 միլիոն 575 հազար դրամ՝ 2 հատ 30 տարվա հնեցման «Կիլիկիա», 18 հատ 20 տարվա հնեցման «Նաիրի» և 9 հատ 10 տարվա հնեցման «Դվին» կոնյակների համար: «Մեգերյան կարպետ» ընկերությունից գնվել է 3 հատ ձեռագործ, բամբակյա հենքով գորգ և վճարվել է 4.2 միլիոն դրամ:
Իրավաբան.net-ն ավելի վաղ անդրադարձել էր նաև վարչապետի գլխավորած պաատվիրակությունների՝ Չեխիա և Փարիզ այցերի շրջանականերում գնված հուշանվերներին: Այս դեպքերում ևս խմիչքները գնվել են «ԱրտԷքսիմ» և «Ագուլիս Մեկ», գորգերը՝ «Մեգերյան կարպետ» ընկերություններից:
Ի պատասխան մեր այն հարցին, թե ինչպե՞ս է որոշվում ինչ գնի սահմաններում և ի՞նչ հուշանվերներ պետք է տարվեն այս կամ այն երկիր, կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը պատասխանել է. «… հուշանվերների ընտրության, ինչպես նաև դրանց քանակների որոշման ժամանակ հաշվի են առնվում մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ այցի նպատակը, պաշտոնական հանդիպումների քանակը, տվյալ երկրի ազգային առանձնահատկությունները, դիվանագիտական հարաբերությունների պատմությունը և այլն»:
Դավիթ Բեգլարյանը նշում է նաև, որ կառավարական պատվիրակությունների արտասահմանյան այցելությունների շրջանականերում հուշանվերներ գնելիս ՀՀ կառավարության աշխատակազմը առաջնորդվում է գնումների ՀՀ օրենսդրությամբ և տվյալ գործուղման մասին համապատասխան իրավական ակտով: Այսինքն՝ պատասխանից ակնհայտ է, որ չկան հստակ սահմանված չափանիշներ, և ընտրությունը, բնականաբար, կատարվում է սուբյեկտի նախապատվությունների շրջանակներում:
Ինչ վերաբերում է այն կարևոր հարցին, թե ինչու՞ են հուշանվերները գնվում գլխավորապես միևնույն ընկերություններից, Դավիթ Բեգլարյանը չի պատասխանել:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ Մարատ Ատովմյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ միևնույն տնտեսվարող ընկերություններից և մեկ անձից սկզբունքով կատարվող գնումները որոշակիորեն ռիսկային կարող է լինել. սա կարող է բերել գների թանկացման. «Հավանական է, որ այլ սուբյեկտների հետ բանակցությունների ընթացքում նմանատիպ ապրանքները ավելի էժան գներով հնարավոր լիներ ձեռքբերել: Միանշանակ կարծում եմ, որ ճիշտ կլիներ տարբեր տնտեսավորղների հետ համագործակցելը: Եվ դա նաև հնարավորություն կտար զերծ մնալ ենթադրություններից, թե ինչու է կառավարությունը կանգ առել հենց այդ ընկերությունների վրա և տարիներ ի վերջ համագործակցում է այս ընկերությունների հետ»:
Փորձագետը անդրադառնում է նաև այն հարցին, որ հուշանվերների գնման վերաբերյալ օրենսդրական չափանիշներ չկան. «Կարգավորումներ կան՝ կապված գործուղումների ժամանակ տրվող օրապահիկների հետ: Միգուցե քննարկման արդյունքում համարվի, որ նպատակահամար է նման սանդղակ սահմանել նաև հուշանվերներ գնելու դեպքում, թե որ երկիր ինչ գնային սահմաններում և ինչ հուշանվերներ պետք է տարվեն»:
Աստղիկ Կարապետյան