Ու՞ր էր անհետացել ավելի քան 2 միլիոն դրամը. ԿԸՀ-ն ավելի էժան է գնել թանաքը, քան ներկայացրել է

Ու՞ր էր անհետացել ավելի քան 2 միլիոն դրամը. ԿԸՀ-ն ավելի էժան է գնել թանաքը, քան ներկայացրել է

«ԿԸՀ-ն պատրաստվում է հանրաքվեին, անհետացող թանաքն արդեն իսկ գնվել է բավականին թանկ գնով» հոդվածը մեր կայքում հրապարվելուց անմիջապես հետո  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրատավամիջոցներով պարզաբանում տարածեց այն մասին, թե հոդվածում կատարված հաշվարկները սխալ են եղել: Որոշակի դիտարկումներից հետո նորից անդրադառնում ենք այս հարցին՝ պարզաբանելով թե ԿԸՀ-ի պարզաբանումը,  թե ԿԸՀ-ի կողմից կատարված գնման վերաբերյալ հարցեր:

Այսպիսով, պարզ համեմատություն. ինչպես տեղեկանում ենք պետական գնումների վերաբերյալ պաշտոնական gnumner.am կայքից, 2012 թվականի  դեկտեմբերի 19-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 100 մլ տարայով անհետացող թանաքի, դրոշմակնքման բարձիկների համար վճարել է 14 միլիոն 854 հազար դրամ (շուրջ 36540 դոլար): ԿԸՀ-ի և Baleno Sustainable Global Development ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ներառյալ ճանապարհածախսը մինչև Թբիլիիի, կազմել է 36240 դոլար:

Նույն gnumner.am կայքից տեղեկանում ենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 12-ին ԿԸՆ-ն անհետացող թանաքի և դրոշմակնքման բարձիկների ձեռքբերման համար վճարել է 21 միլիոն 373 հազար դրամ (շուրջ 45090 դոլար):  New Picture (78)Սակայն ուշադրություն. ԿԸՀ-ի և Baleno Sustainable Global Development ընկերության միչև կնքված պայմանագրի համաձայն, ներառյալ ճանապարհածախսը մինչև Թբիլիսի, կազմել է 39994 դոլար:DSC08410

(Ի դեպ նշենք, որ երբ առաջին անգամ ԿԸՀ-ից խնդրել էինք տրամադրել 2015թ-ի առուվաճառքի պայմանագրի պատճեն,  հրաժարվել էին տրամադրել՝ պատճառաբելով, թե «այն սահմանված կարգով կհրապարկվի»: Եվ միայն կրկնակի հարցման դեպքում, երբ նշել էինք, որ հիշյալ պատասխանը չի բխում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթներից և խախտում է օրենքով սահմանված տեղեկություն ստանալու իրավունքը, պայմանագրի պատճենը տրամադրվեց):

ԿԸՀ-ի պատասխանը

Չշտապելով հետևություններ անել, փորձեցինք հենց ԿԸՀ-ից պարզաբանում ստանալ, թե ինչով է բացատրվում այս տարբերությունը: ԿԸՀ աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանն իր պատասխանում նշել է, որ պայմանագրով սահմանված գնի վճարումը կատարվել է հետևյալ հաջորդականությամբ.

«1) 15.10.2015թ. պայմանագրի գնի 70% չափով կանխավճար, որը կազմել է  13.398.885,6 AMD կամ 27996 USD (ՀՀ ԿԲ վաճառքի կուրսը 1USD = 478.6 AMD),
2) 10.11.2015թ. պայմանագրի գնի մնացած 30% չափով վերջնական վճարում, որը կազմել է 5.815.430,6 AMD կամ 11998 USD (ՀՀ ԿԲ վաճառքի կուրսը 1USD = 484.7 AMD):
Փաստորեն, անհետացող թանաքանյութի և կնքման բարձիկների գնման համար վերը նշված պայմանագրի համաձայն՝ վճարվել է 19.214.316.2 AMD կամ 39994 USD` ներառյալ ապրանքի փոխադրումը մինչև Թբիլիսիի օդանավակայան»:

Նախ նշենք, որ ԿԸՀ աշխատակազմի ղեկավարը պետք է որ իմանա, որ Կենտրոնական բանկը առքի ու վաճառքի փոխարժեքներ չունի և սահմանում է միայն մեկ փոխարժեք, որով էլ հաշվարկները արվում են: Այլ բան է, որ ԿԸՀ-ն վճարումը կատարելու համար դոլարը գնում է կոնկրետ բանկի վաճառքի փոխարժեքով: ԿԲ-ից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 15-ին 1 դոլարն արժեցել է ոչ թե 478.6, այլ 473.05 դրամ, իսկ նոյեմբերի 10-ին՝ 481.62  և ոչ 484.7 դրամ:

Ինչևիցէ, պարզ է, որ հենց ԿԸՀ աշխատակազմի ղեկավարի պարզ հաշվարկով ստացվում է, որ ապրանքի գնման համար վճարվել է ոչ թե 21 միլիոն 373 հազար դրամ, այլ 19 միլիոն 214 հազար դրամ: Ի դեպ, այն, որ ապրանքը գնվել է 21 միլիոն 373 հազար դրամով նշված է ոչ միայն պաշտոնական gnumner.am կայքում, այլև ԿԸՀ-ի կողմից լրատվամիջոցներով տարածված վերոհիշյալ պարզաբանման մեջ:

Պարզաբանում տարածելիս կարող էին նշել, որ իրականում ավելի քիչ է վճարվել (շուրջ 5000 դոլար), քան կառավարության հատկացրած գումարն է և : Չէ՞ որ «մեղադրվում» էին թանկ գնելու համար և իրենց իսկ շահերից էր բխում նման տեղեկության հրապարակումը:

Նշենք, որ կառավարությունը հունիսի 18-ի 663-Ն որոշմամբ՝  ԿԸՀ-ին պահուստային ֆոնդից հատկացրել է 27.289.860 դրամ՝ անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար 12-ժամյա պահպանումից հետո անհետացող հատուկ նյութի ձեռքբերման ծախսերը ֆինանսավորելու համար:  Նույն որոշման հավելվածից տեղեկանում ենք, որ այս գումարից 21 միլիոն 373 հազար դրամը հատկացվել է գրասենյակաին նյութերի ձեռքբերման, իսկ 5.917.066-ը՝  հարկերի և այլ ծախսերի համար:New Picture (79)

Իր պատասխանում ԿԸՀ աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը նշել է նաև, թե գնված ապրանքը Թբիլիսիից Երևան հասցնելու համար ինչ հարկեր են վճարվել և ինչ ծախսեր են արվել՝ մաքսային վճարների ընդհանուր ծախսը կազմել է 5.016.444 դրամ, բորքերային միջնորդավճարը՝ 5000 դրամ, հատուկ թերմոսային բեռնախցով կահավորված բեռնատարով Թբիլիսի-Երևան ավտոբեռնափոխադրման ծառայությունների վճարը՝ 500 հազար դրամ: Այսինքն՝ ընդհանուր այլ ծախսերը կազմել են 5.521.444: Այսինքն, այս մասով էլ շուրջ 400 հազար դրամի չափով ավելի քիչ ծախս է եղել, քան նախատեսել է կառավարությունը:

Ի վերջո, Լևոն Գևորգյանը նշել է, որ կառավարության հատկացված գումարից փաստացի ծախսվել է 24735.760.2 դրամ. «Մնացորդը կազմում է 2.554.099.8 դրամ, որը, համաձայն գործող կարգի, 2015 ֆինանսական տարվա ավարտին կվերադարձվի ՀՀ պետական բյուջե»:DSC08412

Թերևս, մնում է շնորհակալություն հայտնել ԿԸՀ-ին՝ իր պարզաբանման համար, որը ստիպեց հետաքննություն կատարել ու հասնել այն բանին, որ պետբյուջե վերադարձվի ԿԸՀ-ի թեթև ձեռքով «անհետացած» ավելի քան 2 միլիոն դրամը:

Հ.Գ. ԿԸՀ-ն գնման վերաբերյալ փաստաթղթում որևէ նշում չի կատարել ապրանքի քանակի վերաբերյալ, որևէ  նշում չկա նաև այն մասին, որ վերոհիշյալ գումարի մեջ մտնում է նաև ճանապարահածախսը: Այդ մանրամասները հայտնի են դառնում կողմերի միջև կնքված պայամանագրից: Այս իսկ պատճառով այս տարվա գնման պարագայում, երբ հատկապես հրապարակված չէր առուվաճառքի պայմանագիրը (և ինչպես հայտնի է ԿԸՀ-ն դժվարությամբ այն տրամադրեց մեզ), համեմատելու համար ելակետ ընդունվել էր gnumner.am  կայքում հրապարակված փաստաթուղթը:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել