ԿԸՀ-ն պատրաստվում է հանրաքվեին. անհետացող թանաքն արդեն իսկ գնվել է բավականին թանկ գնով

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) արդեն իսկ պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որը կայանալու է այս տարվա դեկտեմբերի 6-ին: Քվեարկությանը մասնակցած ընտրողի անձնագրում համապատասխան նշումն անելու համար նախատեսված անհետացող թանաքն ու բարձիկներն արդեն իսկ գնված են:

Հոկտեմբերի 12-ին ԿԸՀ-ն առուվաճառքի պայմանագիր է կնքել Լոնդոնում գործող Baleno Sustainable Global Development ընկերության հետ՝ 2500 հատ 100մլ տարողությամբ սրվակներով թանաք և նույնքան էլ դրոշմակնքման բարձիկ: Պայմանագրի արժեքը 21 միլիոն 373 հազար դրամ կամ շուրջ 45 հազար դոլար:

Պայմանագրի իրավական հիմնավորումը կառավարության հունիսի 18-ի 663-Ն որոշումն է, որի 1-ին կետով սահմանվում է. «Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար 12-ժամյա պահպանումից հետո անհետացող հատուկ նյութի ձեռքբերման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 27,289.9 հազ. դրամ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ համաձայն N 1 հավելվածի»:unnamed (1)

Իսկ որոշման հավելվածից էլ հայտնի է դառնում, որ հատկացված գումարից 21 միլիոն 373 հազարը հատկացվել է գրասենյակային նյութեր և հագուստ ձեռք բերելու համար, 5 միլիոն 351 հազարը՝ այլ հարկերի և 556 հազարը՝ այլ ծախսերի համար: Եվ քանի որ այս գնումը պետք է արտերկրից ներկրվի, ենթադրվում է, որ 5 միլիոն 351 հազար դրամը հատկացված է ավելացված արժեքի հարկ, մաքսային և այլ հարկեր վճարելու համար:

Պարզվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս նույն ընկերությունից նույն տարողությամբ և նույն չափորոշիչներով թանաք և դրոշմակնքման բարձիկներ է գնել նաև 2012 թվականի դեկտեմբերի 12-ին՝  ընդառաջ գնալով ՀՀ նախագահական ընտրություններին, որոնք տեղի ունեցան 2013 թվականի փետրվարի 18-ին:

2012 թվականի վերջին գնվել է 2300 սրվակ  թանաք և նույնքան էլ բարձիկ և դրանց համար վճարվել է 26300 դոլար: Կենտրոնական բանկի արխիվային տվյալներից տեղեկանում ենք, որ այս առուվաճառքի պայմանագրի կնքման օրը՝  1 դոլարն արժեցել է 406.5 դրամ: Եվ, համապատասխանաբար, վճարվել է շուրջ 10.7 միլիոն դրամ:
Սակայն 2012-ին գնվել է  200 պակաս ապրանք, հետևաբար, պարզ հաշվարկի դեպքում, տեսնում ենք, որ 2500 հատ ապրանքի գնման դեպքում պետք է վճարվեր 11.6 միլիոն դրամ:

Փաստորեն, շուրջ 3 տարի անց այս նույն ապրանքը գրեթե կրկնակի անգամ թանկ է գնվել: Իսկ 2012-ին և 2015-ին գնված ապրանքների նկարագրությունը նույնն են:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ