«Լինելով տեղեկացված՝ իրականացրու հասարակական վերահսկողություն». սա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանցնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակված տեսանյութից հատված է:
Ինչո՞ւ է Իրավաբան.net-ն անդրադառնում դատավորների հայտարարագրերին. «ի՞նչ գործ ունեք ուրիշի փողերի հետ», «Այլոց գումարները հերիք հաշվեք». նման կոչերն ու քննադատությունները՝ հատկապես սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից, ոչ տեղին են և անգամ զավեշտալի: Հասարակությունը պետք է խոսի, քննարկի, բարձրաձայնի և ամենակարևորը՝ հարցեր բարձրացնի և պատասխաններ պահանջի՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ տարվա ընթացքում 3 մլն ՀՀ դրամ աշխատավարձ ստացած պաշտոնյան, տվյալ դեպքում՝ դատավորն ունի 200 մլն ՀՀ դրամից ավելի գումար, ինչպե՞ս նրա հայտարարագրում հայտնվեց 20 հազար դոլար նվիրատվությունը և այլն, և այլն:
Սրանք հարցեր են, որոնք պետք է հնչեն, ուստի՝ մենք հաշվել ենք ու շարունակելու ենք հաշվել պաշտոնյաների փողերը՝ այսպիսով օգտագործելով հասարակական վերահսկողության մեթոդներից մեկը:
Ինչ վերաբերում է փողեր հաշվելուն, «Թանկարժեք արդարադատություն» շարքի դիտակետում այս անգամ Վարչական դատարանի դատավորներն են հայտնվել: Ո՞վ է այս դատարանի ամենահարուստ դատավորը, որքա՞ն գումար նա ունի: Մանրամասները՝ նյութում:
Վարչական դատարանում հարուստ դատավորները շատ են, ամենահարուստը` կին
Վարչական դատարանից 26 դատավորներ ներկայացրել են հայտարարագրել, կեսից ավելին հայտնվել են մեր ուշադրության կենտրոնում:
Շարքի մեկնարկը տրվում է հենց դատարանի նախագահից: Կարեն Մաթևոսյանը 2011թ. ունեցել է 38 մլն ՀՀ դրամ, 41 հազար ԱՄՆ դոլար և 6 հազար եվրո, 2013թ. 28 մլն ՀՀ դրամով վաճառել է գույք, 2014թ.-ի վերջում նրա դրամական միջոցները կազմել են 35,6 մլն ՀՀ դրամ 100 հազար ԱՄՆ դոլար և 4 հազար եվրո, աշխատավարձը տարվա ընթացքում 7,9 մլն դրամ է: Այսինքն՝ դատավորն ունի 61,2 մլն ՀՀ դրամ:
Դատարանի նախագահի կինը՝ Իրինա Հովհաննիսյանը 2011թ. վերջում ունեցել է 42,5 մլն ՀՀ դրամ և 1300 ԱՄՆ դոլար, հաջորդ տարիներին էական փոփոխություններ չեն կրել, միայն 2014թ. վերջում նրա դրամական միջոցները կազմել են 39 մլն ՀՀ դրամ 1100 ԱՄՆ դոլար, դատավորի և նրա կնոջ դրամական միջոցները հասնում են 110 մլն ՀՀ դրամի:
Այս դատարանից Աղասի Դարբինյանը 2011թ. ունեցել է 38 մլն ՀՀ դրամ, հաջորդ տարի 2 մլն ՀՀ դրամով է ավելացել, 2013թ. դատավորը 10 մլն ՀՀ դրամով օտարել է իր BMW X5 3.0 I մակնիշի ավտոմեքենան, 2014թ. վերջում նրա դրամական միջոցները կազմել են 70 մլն ՀՀ դրամ: Պարոն Դարբինյանը հարկային տարում վաճառել է ևս մեկ մեքենա MERCEDES-BENZ 500 S մակնիշի՝ 16 մլն ՀՀ դրամով, իսկ ձեռք բերել GAZ 24 ավտոմեքենա՝ 200 հազար ՀՀ դրամով: Դատավորի աշխատավարձը տարվա ընթացքում եղել է 5,4 մլն ՀՀ դրամ: Նրա կինը՝ Գայանե Դարբինյանը 2014թ. վերջում ունեցել է 35 մլն ՀՀ դրամ, նա նաև վարձակալությունից է գումարներ ստացել՝ 2014թ. 14 մլն ՀՀ դրամի չափով: Դատավորի և կնոջ դրամական միջոցները կազմում են 105 մլն ՀՀ դրամ:
Վարչական դատարանի մեկ այլ դատավոր` Արման Թովմասյանը, 13,6 մլն ՀՀ դրամով PORSCHE CAYENNE S 3.2 մակնիշի ավտոմեքենա է 2011թ. վերջում ձեռք բերել, նրա դրամական միջոցները տարվա սկզբում կազմել են 10 մլն ՀՀ դրամ և 55 հազար ԱՄՆ դոլար, իսկ վերջում ավելացել 7 մլն ՀՀ դրամով, դատավորը 24,5 մլն ՀՀ դրամի փոխառություն է ստացել:
Հաջորդ տարի նրա դրամական միջոցները շարունակել են անճել, 2013թ. վաճառել է մեքենան՝ 15 մլն ՀՀ դրամով, 2014թ. դատավորը ձեռք է բերել MERCEDES-BENZ S550 մակնիշի ավտոմեքենա՝ 15 մլն ՀՀ դրամով և որոշել տարվա վերջում վաճառել այն՝ նույն գնով: Պարոն Թովմասյանի դրամակ միջոցները 2014թ. վերջում կազմել են 47,9 մլն դրամ և 55 հազար ԱՄՆ դոլար: Աննա Գուլումյանը՝ դատավորի կինը 2014թ. ունեցել է 4 մլն ՀՀ դրամ և 15 հազար ԱՄՆ դոլար: Նրանց երկուսի դրամական միջոցները դրամով կազմել են 86 մլն:
2014թ. վերջում դատավոր Արգիշտի Ղազարյանը հայտարարագրել է 400 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ: 2011թ. նա ձեռք է բերել LEXUS 470L մակնիշի ավտոմեքենա, նույն տարի հանձնել է և ետ ստացել 15 հազար ԱՄՆ դոլար փոխառություն, հայտարարագրում նշված են նաև այլ եկամուտներ՝ 10 մլն ՀՀ դրամի չափով, դատավորի կինը, ով նոտար է, հայտարարագրել է միայն աշխատավարձ 12 մլն ՀՀ դրամի չափով՝ հարկային տարում: Դատավորն ու կինը ունեն 210 մլն ՀՀ դրամ:
Վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանը 2011թ. ունեցել է 25 մլն ՀՀ դրամ, 14 հազար ԱՄՆ դոլար և 12 հազար եվրո: Նույն տարի նա ստացել է 10 հազար ԱՄՆ դոլար փոխառություն, ինչպես նաև ժառանգություն բնամթերքով՝ 12 մլն ՀՀ դրամի, հաջորդ տարի ստացել է 50 հազար ԱՄՆ դոլար փոխառություն, 2013թ. 8,4 մլն ՀՀ դրամով ձեռք է բերել PORSCHE CAYENNE S 4.5 ավտոմեքենա:
2014թ. դատավորի դրամական միջոցները կազմել են 14 հազար ԱՄՆ դոլար ու 18 մլն ՀՀ դրամ, աշխատավարձը տարվա ընթացքում՝ 10 մլն ՀՀ դրամ: Նրա դրամական միջոցները կազմել են 24,9 մլն ՀՀ դրամ:
2014թ.-ին պաշտոնը ստանձնած Արկադի Մկրտչյանը հայտարարագրել է 4 հողամաս, 5,6 մլն ՀՀ դրամ և 17 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ: Նա ունի 14 մլն դրամ:
Նույն դատարանից Արթուր Ծատուրյանը 2011թ.-ից ի վեր ոչ մի դրամ եկամուտ չի հայտարարագրել, միայն աշխատավարձը, սակայն 2014թ. 15 հազար ԱՄՆ դոլարով գնել է LEXUS RX 330 ավտոմեքենա:
Մեկ այլ դատավոր Արթուր Պողոսյանը 2011թ. վերջում ունեցել է 16,9 մլն ՀՀ դրամ, 48 հազար ԱՄՆ դոլար և 33 հազար եվրո, հաջորդ տարիներին նրա դրամական միջոցները մնացել են անփոփոխ, դատավորի կնոջ դրամական միջոցները նույնպես 4 տարվա ընթացքում անփոփոխ են եղել՝ 2,9 մլն ՀՀ դրամ և 4500 ԱՄՆ դոլար: Նրանք ունեն 63,9 մլն ՀՀ դրամ:
Վարչական դատարանի կին դատավորներից Անի Հարությունյանը բավականին հարուստ է: Նա պաշտոնը ստանձնել է 2013թ.: Պաշտոնը ստանձնելիս դատավորը հայտարարագրել է 7 բնակարան և հասարակական նշանակության 3 շինություն, սա դեռ ամենը չի` լիության շքերթը շարունակվում է նաև հայտարարագրի մյուս կետերում, տիկին Հարությունյանն ունի 27,9 մլն և 50 հազար ՀՀ դրամի բաժնեմաս, VOLKSWAGEN TOUAREG 4.2 մակինիշի ավտոմեքենա:
Կին դատավորի դրամական միջոցները կազմել են 62 մլն ՀՀ դրամ, 350 հազար ԱՄՆ դոլար և 200 հազար եվրո, անփոփոխ են մնացել 2014թ.-ի վերջում: Ստացվում է միայն դատավորն ունի 346 մլն ՀՀ դրամ:
Այս տարի նա նաև ստացել է 37 հազար ԱՄՆ դոլար և 5 մլն ՀՀ դրամի փոխառություն, եկամուտների մեջ մտնում է նաև վարձակալությունից ստացած գումարները՝ 6,2 մլն դրամ, իսկ աշխատավարձը հարկային տարում կազմել է 5 մլն դրամ: Դատավորի ամուսինն ունի 100 մլն ՀՀ դրամ, աշխատավարձը հարկային տարում ընդամենը 2,4 մլն դրամ: Դատավորն ու նրա ամուսինն ունեն 446 մլն ՀՀ դրամ:
Այսպիսով Վարչական դատարանի կին դատավոր Անի Հարությունյանը ամենահարուստ դատավորն է ինչպես այս, այնպես էլ մինչ այդ մեր ուսումնասիրության կենտրոնում հայտնված դատարանների դատավորների շրջանում:
Արտադրական նշանակության շինություն ունի դատավոր Արման Դիլանյանը: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելիս՝ 2013թ.-ին, կազմել են 45 մլն ՀՀ դրամ, 150 հազար ԱՄՆ դոլար և 120 հազար եվրո, հաջորդ տարի նվազել են միայն դրամով միջոցները՝ 5 մլն-ով, դատավորի կինն ունի 6.5 մլն դրամ և 14 հազար ԱՄՆ դոլար: Դատավորն ու նրա կինն ունեն 193 մլն ՀՀ դրամ:
Դատավոր Կարեն Զարիկյանը 2013թ.-ին պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 2 բնակարան, OPEL ASTRA 1.8 մակնիշի ավտոմեքենա: Նա ունեցել է 15 մլն ՀՀ դրամ, 37 հազար ԱՄՆ դոլար և 26 հազար եվրո, 2013թ. ստացել է նվիրատվություններ՝ 20 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար ռուսական ռուբլի, հաջորդ հայտարարագրում նույնպես նվիրատվություն կա գրանցած՝ 13 հազար ԱՄՆ դոլարի չափով: 2014թ. վերջում դատավորի դրամական միջոցները՝ դրամով նվազել են՝ հասնելով 13,8 մլն դրամի, 37 հազար ԱՄՆ դոլարի և 26 հազար եվրոյի: Աշխատավարձը տարվա ընթացքում եղել է 4,9 մլն դրամ: Նա ունի 46 մլն ՀՀ դրամ:
Վերջինը, ով հայտնվել է մեր ուշադրության կենտրոնում դատավոր Միքայել Մելքումյանն է: Նա պաշտոնը ստանձնել է 2013թ.-ին, հայտարարագրել է մեկ հողոմաս, հասարակական նշանակության շինություն 20,5 մլն դրամ և 17 հազար եվրո դրամական միջոցներ, շահաբաժին ու VAZ 2112 մակնիշի ավտոմեքենա, 2014թ.-ին վաճառել է այս մեքենան 2 մլն դրամով, գնել MERCEDES-BENZ ML350 4MATIC ավտոմեքենա՝ 3 մլն ՀՀ դրամով:
2014թ. վերջում նրա դրամական միջոցները կազմել են 20 մլն դրամ և 17 հազար եվրո, դատավորի կինն ունի 45 մլն ՀՀ դրամ: Պարոն Մելքումյանի և կնոջ դրամական միջոցները կազմում են 73 մլն դրամ:
Կարդացեք նաև՝
Ո՞վ է Հայաստանի առաջին ատյանի դատարանների ամենահարուստ կին դատավորը
Թանկարժեք արդարադատություն. ո՞վ է Երևանի ամենահարուստ դատավորը
Ո՞վ է ամենաշատ նվիրատվություն ստացող դատավորը և որքա՞ն է կազմել ամեացածր նվիրատվությունը
Գևորգ Թոսունյան