Հայաստանի առաջին ատյաններում աշխատում է շուրջ 230 դատավոր, նրանցից 46-ը կին են, այսինքն՝ մոտ 20 տոկոսը: Այս պատկերն է եղել մեր հետազոտության արդյունքում՝ դատական տեղեկատվական համակարգի և դատական դեպարտամենտի ինֆորմացիայի հիման վրա:
Գենդերային անհավասարություն է տիրում նաև ամենահարուստ դատավորների շրջանում, եթե Երևանի առաջին ատյանի ամենահարուստ դատավորների եկամուտները սկսվում էին 3 թվերով և ավարտվում միլիոնով, ապա Հայաստանի առաջին ատյանի կին դատավորները մեկ թվով պակաս են:
Մենք ուսումնասիրել ենք առաջին ատյանի բոլոր կին դատավորների հայտարարագրերը, որոնք առկա էին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում, առանձնացրել ենք նրանցից ամենահարուստ 11-ի եկամուտները:
Իրավիճակը Երևանի առաջին ատյանի դատարաններում
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը 2011թ.-ին ունեցել է 9 մլն ՀՀ դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար և 10 հազար եվրո:
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 1,8 մլն ՀՀ դրամ, դատավորը ստացել է 5,3 մլն ՀՀ դրամի փոխառություն: Հաջորդ տարիներին էական փոփոխություն չի եղել, միայն 2014թ. վերջում նրա դրամական միջոցները համապատասխանաբար հասել են՝ 7,8 մլն ՀՀ դրամի, 16 հազար դոլարի և 8,6 հազար եվրոյի:
Դատավորի ամուսինը՝ Արիստակես Բարսեղյանը 2011թ.-ին ունեցել է 16 մլն ՀՀ դրամ, 24 հազար ԱՄՆ դոլար և 13 հազար եվրո, նա նույնպես փոխառություններ է ստացել՝ 13 մլն դրամի: 2014թ.-ին նրա դրամական միջոցները նվազել են, տարվա վերջում համապատասխանաբար հասնելով՝ 14 մլն ՀՀ դրամի, 22,4 հազար ԱՄՆ դոլարի և 10 հազար վրոյի: Ստացվում է, որ դատավորն ու նրա ամուսինը ունեն շուրջ 50,9 մլն ՀՀ դրամ:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը 2011թ.-ին ունեցել է 15,5 մլն ՀՀ դրամ և 67 հազար ԱՄՆ դոլար, հաջորդ տարիներին էական փոփոխություն չի արձանագրվել:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է մեկ ավտոմեքենա՝ «VAZ 21214» մակնիշի, իսկ 2014թ. վերջում ունեցել է 17,5 մլն ՀՀ դրամ ու 67 հազար ԱՄՆ դոլար, աշխատավարձը հարկային տարում կազմել է 6 մլն ՀՀ դրամ: Դրամով նա ունի շուրջ 54,5 մլն դրամական միջոց:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը, ով տարիներ առաջ հավակնում էր ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնին, 2013թ. ունեցել է 10 մլն ՀՀ դրամ, 82 հազար ԱՄՆ դոլար և 23 հազար եվրո: Պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է մեկ բնակարան և «VOLKSWAGEN PASSAT 1.8 T» մակնիշի ավտոմեքենա:
Տիկին Գրիգորյանի 2014թ. հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա հարկային տարվա վերջում ձեռք է բերել բնակարան՝ 51 հազար ԱՄՆ դոլարով և 8 հազար դոլար արժողությամբ «TOYOTA YARIS 1.4» մակնիշի ավտոմեքենա, իսկ նրա դրամական միջոցները տարվա սկզբում կազմել են 10 մլն ՀՀ դրամ, 82 հազար ԱՄՆ դոլար ու 23 հազար եվրո, տարվա վերջում կատարված գնումների պատճառով նվազել են՝ համապատասխանաբար հասնելով 1 մլն ՀՀ դրամի, 31 հազար դոլարի և 19 հազար եվրոյի: Փաստորեն նա ունի շուրջ 26 մլն ՀՀ դրամ:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանը պաշտոնը ստանձնել է 2014թ.-ին, նա հայտարարագրել է մեկ բնակարան, 11 մլն ՀՀ դրամ ու 26 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ: Ամուսինը 2014թ. սկզբում ունեցել է 22 մլն ՀՀ դրամ ու 32 հազար դոլար, իսկ վերջում 16 մլն դրամ ու 29 հազար դոլար:
Նույն դատարանից Գայանե Խաչատրյանը 2011թ. ունեցել է 12 մլն ՀՀ դրամ ու 25 հազար դոլար, հաջորդ տարի անհետացել են դոլարով դրամական միջոցները, 2013թ.-ին վերադարձել, իսկ 2014թ.-ին մնացել անփոփոխ, աշխատավարձը 5 մլն ՀՀ դրամ: Նա ունի 12 մլն ՀՀ դրամ:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը 2011թ.-ին ստացել է 5 հազար դոլար և 1 մլն ՀՀ դրամ փոխառություն, աշխատավարձը հարկային տարում՝ 6,2 մլն ՀՀ դրամ, չնայած այս հանգամանքին նա դրամական միջոցներ չի հայտարարագրել, հաջորդ տարի կին դատավորը 7,8 մլն ՀՀ դրամով գնել է RENAULT DUSTER 2.0 մակնիշի ավտոմեքենա, ստացել փոխառություններ (վարկեր)՝ 10 հազար եվրո, 5 հազար դոլար ու 7,8 մլն ՀՀ դրամ (ըստ էությամբ այս գումարով էլ գնել է մեքենան), իսկ դրամական միջոցները տարվե վերջում զրոյական ցուցանիշից հասել են 20 մլն ՀՀ դրամի, 2013թ. իջել են 15 մլն-ի:
2014թ.-ին տիկին Պետրոսյանը վաճառել է ավտոմեքենան՝ նույն գնով, ինչ ձեռք էր բերել, բայց գնել է ավտոտնակ՝ 6,1 մլն ՀՀ դրամով, նրա դրամական միջոցները 15 մլն ՀՀ դրամից իջել են 12 մլն-ի, աշխատավարձը հարկային տարում՝ 7,2 մլն ՀՀ դրամ է: Այսպիսով տիկին Պետրոսյանն ունի 12 մլն դրամ:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը 2015թ.-ին ստանձնած Տաթևիկ Գրիգորյանն ունի 8 մլն ՀՀ դրամ ու 12 հազար ԱՄՆ դոլար: Դրամով նրա միջոցները կազմում են 13,9 մլն:
Նույն դատարանից Անի Մխիթարյանը 2011թ. սկզբում ունեցել է 1 մլն ՀՀ դրամ ու 77 հազար ԱՄՆ դոլար, իսկ վերջում ավելացել են դրամով դրամական միջոցները՝ հասնելով 19,6 մլն ՀՀ դրամի:
Նույն տարի նա 17,1 մլն ՀՀ դրամով գույք է օտարել, ստացել 1 մլն դրամի փոխառություն: Հաջորդ տարի նա նույնպես օտարել է գույք, այս անգամ 8,2 մլն դրամով, իսկ դրամական միջոցները ավելացել՝ դառնալով 28,2 մլն դրամ:
2014թ.-ին՝ վերջին հայտարարագրում նա ունեցել է 29 մլն դրամ ու 77 հազար ԱՄՆ դոլար: Փաստորեն դրամով նա ունի 66,8 մլն դրամական միջոցներ:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը դրամական միջոցներ չի հայտարարագրել, սակայն 2013թ.-ին 10 մլն ՀՀ դրամով ձեռք է բերել LEXUS RX 350 մակնիշի ավտոմեքենա, բացի այդ ստացել է 30 հազար ԱՄՆ դոլար փոխառություն, օտարել գույք՝ 5 մլն ՀՀ դրամով, աշխատավարձը հարկային տարում 6 մլն ՀՀ դրամ:
Նրա ամուսինը՝ Ռաֆիկ Մարությանը 2011թ. ունեցել է 45 մլն ՀՀ դրամ ու 40 հազար ԱՄՆ դոլար, իսկ հաջորդ տարի 11 մլն դրամով գնել է TOYOTA LAND CRUISER PRADO 4.0: 2014թ. վերջում պաշտոնատար անձի ամուսնու դրամական միջոցները կազմել են 39 մլն ՀՀ դրամ և 40 հազար ԱՄՆ դոլար: Եթե հաշվենք նաև դատավորի ստացված փոխառությունը, ապա տիկին Կատվալյանն ու իր ամուսինն ունեն շուրջ 73 մլն ՀՀ դրամ:
Մարզերում մեծահարուստ դատավորներ չկան
Մարզերում իրավիճակը այլ է, այստեղ մեծահարուստ կին դատավորները գրեթե չկան: Այն պաշտոնյաները, ովքեր հայտնվել են մեր ուշադրության կենտրոնում այդքան մեծ գումարներ չեն հայտարարագրել, որքան Երևանում աշխատող դատավորները:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Ֆիդանյանը 2011թ. ունեցել է 7,3 մլն ՀՀ դրամ ու 10,3 հազար ԱՄՆ դոլար, 2012թ. վերջում նրա դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ ու 10,3 հազար ԱՄՆ դոլար, հաջորդ տարի էական աճ չեն արձանագրել, իսկ ըստ վերջին հայտարարագրի ավելացել են միայն դրամով դրամական միջոցները՝ հասնելով 9,3 մլն ՀՀ դրամի, դոլարով գումարները նույնն են մնացել 10,3 հազար ԱՄՆ դոլար: Նա ունի 14 մլն ՀՀ դրամ դրամական միջոցներ:
Մարզերից հաջորդ կին դատավորը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանն է: 2011թ. նա ունեցել է 7 մլն ՀՀ դրամ ու 5 հազար ԱՄՆ դոլար, 2014թ. գնել է հողամաս 800 հազար ՀՀ դրամով, իսկ դրամական միջոցները նույնն են մնացել: Դատավորի ամուսինն ունի 1 մլն ՀՀ դրամ ու 3 հազար ԱՄՆ դոլար: Դրամական միջոցները 2,4 մլն դրամ:
Համեմատաբար հարուստ է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը: Նա 2011թ. ունեցել է 1,5 մլն ՀՀ դրամ, 28 հազար ԱՄՆ դոլար ու 25 հազար ռուսական ռուբլի, հաջորդ տարի ռուբլով եկամուտները վերացել են, իսկ 2014թ. դրամական միջոցները կազմել են 1,8 մլն ՀՀ դրամ ու 27 հազար ԱՄՆ դոլար: Դատավորի ամուսինը՝ Արա Խաչատրյանը 2011թ. վերջում ունեցել է 20 հազար ԱՄՆ դոլար, նա նաև 4 հազար ռուսական ռուբլի նվիրատվություն է ստացել, 2014թ. Արա Խաչատրյանի դրամական միջոցները կազմել են 1 մլն ՀՀ դրամ ու 15 հազար ԱՄՆ դոլար: Ստացվում է, Շիրակի մարզի այս դատավորն ու նրա ամուսինն ունեն շուրջ 22 մլն ՀՀ դրամ:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը 2011թ. վերջում ունեցել է 1 մլն ՀՀ դրամ, 500 ԱՄՆ դոլար ու 5 հազար ռուսական ռուբլի, հաջորդ տարիներին նրա դրամական միջոցներն աճել են՝ 2014թ. հասնելով 4,5 մլն ՀՀ դրամի և 4500 դոլարի: Նա ունի 6,7 մլն ՀՀ դրամ:
Ի վերջո՝ ո՞վ է Հայաստանի առաջին ատյանի դատարանների ամենահարուստ դատավորը
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանն ամենահարուստն է Հայաստանի առաջին ատյանի դատարանների դատավորներից: Նրա և ամուսնու դրամական միջոցները կազմել են 73 մլն ՀՀ դրամ:
Համեմատության համար նշենք, որ Երևանի առաջին ատյանների ամենահարուստ դատավորը Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից է՝ Դավիթ Հարությունյանը, նրա և կնոջ դրամական միջոցները 2014թ. կազմել են 351 մլն ՀՀ դրամ:
Գևորգ Թոսունյան